24/02/2015 18:56
Թուրքիան անելիք չունի և չի կարող գործ ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում. Շարմազանով
Դեռևս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն անշուշտ կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության և երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:
Այսօր այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարևանների հետ կոչվող քաղաքական կեղծ իդեան իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը:
«Համոզվեք ինքներդ: Կիպրոս, Սիրիա, Հունաստան և վերջապես Հայաստանի Հանրապետություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից՝ սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միևնույն նժարին է դնում զոհին և դահճին: Սա իսկապես անթույլատրելի է»,- հայտարարեց պատգամավորը:
Պատգամավորը նկատեց, որ Թուրքիան անելիք չունի և չի կարող գործ ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է:
«Մենք պետք է համախմբվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում, ինչպես նաև քայլեր ձեռնարկենք թուրքական ժխտողականության դեմ պայքարում: Կարծում եմ՝ այստեղ լուրջ անելիք ունի նաև հայոց խորհրդարանը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր խմբակցությունների կողմից մշակված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը ևս մեկ ապացույց է, որ մենք սկսելու ենք միասնական պայքարի նոր փուլ»,- հավելեց նա ընդգծելով, որ այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլևս երբեք ժխտողականությանը, այլևս երբեք ցեղասպանությանը, այլևս երբեք բոլոր հանցագործություններին՝ մարդկության նկատմամբ: