25/02/2015 13:59
Քաղաքագետ. Մինչև խորհրդարանական ընտրություններ կդժվարանանք խոսել ընդդիմության մասին
Հիմա ունենք այնպիսի իրավիճակ, որ մինչև մյուս խորհրդարանական ընտրություններ, կդժվարանանք խոսել լուրջ ու կայուն ընդդիմության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակին:
«Ընդդիմությունը բավականին թուլացած է հիմա: Չնայած, որ բոլորին էլ հայտնի էր՝ ԲՀԿ-ն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ուներ թե′ կազմակերպական, թե′ ֆինանսական ռեսուրսներ»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» ներսում սպասվող զարգացումներին, քաղաքագետը նշեց, որ դրանք ավելի տեսանելի կլինեն գալիք շաբաթների ընթացքում:
«Եվ, կարծում եմ, որ դա դրական չի անդրադառնա Հայաստանի ներքաղաքական զարգացման վրա»,- ասաց բանախոսը:
Սերգեյ Մինասյանը չբացառեց, որ այս իրավիճակը նշանակում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերայի վերջ:
«Իշխանափոխության մասին հայտարարությունը սպասելի է, որ կունենա նման ավարտ, եթե դու բիզնես ունես մի երկրում, որում իշխանությունը քո բիզնեսի վրա ազդելու լուրջ լծակներ ունի»,- ասաց Սերգեյ Մինասյանն՝ ավելացնելով.
«Իրագործվեց Սերժ Սարգսյանի այն առաջարկը, ըստ որի, Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գար քաղաքականությունից և զբաղվեր միայն իր բիզնեսով»: