16/03/2015 20:11
Երբ մեծ փողերն ու ժամանակակից տեխնոլոգիաներն «անզոր են» բրուցելոզի առջև
Կապանի բժշկական կենտրոնում օրերես հոսպիտալացվել էին բրուցելոզով վարակված 17 հիվանդ: Ինչպես պարզվել էր հիվանդները «Գյուղարտ» ՓԲԸ-ի` սպանդանոցի աշխատակիցներ են:
Նշենք, որ դեռևս 2013թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել էր Կապանի «Գյուղարտ» ՓԲԸ-ի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման արտադրամաս:
«Գյուղարտ» ՍՊԸ-ի սպանդանոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թ.-ին, ավարտվել՝ 2013թ.-ի հուլիսին, ներդրվել է 550 միլիոն դրամ, արտադրամասը կառուցվել է գերմանական սարքավորումներով և տեխնոլոգիաներով:
Նախատեսվում էր անասունների մթերումն ու Իրան պայմանագրային հիմունքներով արտահանումն իրականացնել Հայաստանի տարածքից: Իրանի գործարարների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, մանր եղջերավորների սպանդային քաշի արտահանման տարեկան ծավալը` 700 տոննա:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը զուգահեռ ուսումնասիրում էր, որն է վարակի աղբյուրը և որոնք են բրուցելոզի վարակի ներթափանցման ուղիները: ՍԱՊԾ-ն կասեցրել է սպանդանոցի գործունեությունը:
Այս երկու հանագամնք կա, եթե նոյեմբերից չի աշխատում սպանդանոցը, ապա որտեղ են հենց «Գյուղարտի» աշխատակիցները վարակվել, նաև հենց Սյունիքի մարզում դեռևս 2013թ-ին մեկնարկել էր «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագիրը, որն ուղղված է հիմնականում Սյունիքի մարզում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության կանխարգելմանը և նպատակն է հզորացնել անասնաբուժական ծառայությունների հանրային ոլորտը:
Ծրագիրը ֆինանսավորում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալությունը և իրականացվում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է 724 324 ԱՄՆ դոլար:
Հավելենք նաև, որ բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի երկու եղանակ կա` ստուգում և սպանդ, երկրորդը` պատվաստում:
«Ռազմավարական զարգացման գործակալության» բրուցելոզի պատվաստման ծրագրի պատասխանատու Գևորգ Գասպարյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզում բրուցելոզի հետ կապված իրավիճակը բավականին լավ է, իսկ թե ինչու 724 324 ԱՄՆ դոլար է ծախսվել և ծախսվում է պատվաստումների վրա, սակայն այսօր արդեն բրուցելոզի բռնկման դեպքեր ունենք մարզում, Գևորգ Գասպարյանը նշեց, որ ըստ իր տեղեկությունների՝ Հայաստանի այլ մարզերից մեծ քանակությամբ կենդանիներ են ներկրվել Սյունիքի մարզ և չի բացառվում, որ վարակի աղբյուրը ներկրված կենդանիները լինեն:
Նշենք, նաև, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ի հիմնադիրների շարքում Պետռեգիստրում գրանցված էին «ԼԱՄԱՔՍ գրուպ» և ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ: «ԼԱՄԱՔՍ գրուպ» հիմանդիրներ են Վահե Հակոբյանը, Արման Հակոբյանը և Նիաշը: «Լամաքս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ի հունվարին:
Aysor.am «Գյուղարտ» սպանդանոցի իրավիճակի վերաբերյալ կապվեց նաև Սյունքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սարգիս Թանգյանի հետ, վերջինս առավոտյան խոստացավ կես ժամից պատասխանել, սակայն օրվա ընթացքում հեռախոսազանգերին չէր պատասխանում: