18/03/2015 12:52
Ապրիլի 22-24-ին ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար հավատարմագրվել է ավելի քան 500 լրագրող
«Մենք ոչ մեկին չենք պարտադրել գալ Հայաստան. ինձ հուշում են, որ ֆորումին մասնակցում է չորս լրագրող Թուրքիայից»,- «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ, ի պատասխան հարցի, թե հրավիրվել են արդյոք թուրք լրագրողներ ֆորումին, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ավելի քան վստահ է, որ Թուրքիայի իշխանությունները բավարար քանակությամբ արխիվային փաստաթղթեր ունեն, որոնք վկայում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանության մասին:
«Այնպես որ պատմական ճշմարտությունը փաստաթղթերով ապացուցված է և իրականում շատ մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթեր գոյություն ունեն Հայոց Ցեղասպանության վերաբերյալ»,- ասաց նա:
Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ 100-ամյա ոգեկոչման միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել աշխարհում և որ այս պահի դրությամբ հայտնի է, որ ապրիլի 22-24-ին ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար հավատարմագրվել է ավելի քան 500 լրագրող:
Ռուս լրագրողի խնդրանքով էլ Վ. Սարգսյանը թվարկեց բոլոր այն միջոցառումները, որոնք տեղի կունենան ապրիլին, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհով մեկ:
Նշենք, որ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումը կանցկացվի Երևանում մարտի 18-20-ը, դրա նպատակն է նախապատրաստել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը: