24/03/2015 14:06
Ա. Մինասյանը՝ Ա. Զաքարյանին. Մերժում եք առաջարկս, բայց հիմնվում ՄԱԿ-ի կոնվեցիայի վրա, ուսումնասիրեք այն
Այս նախագծով նախատեսվում է պարգևատրել այն մարդկանց, ովքեր Հայոց ցեղապսանության ճանաչման ու դատապարտման գործում լուրջ ավանդ են ունեցել: Պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել և օրենքով սահմանված կարգով Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել նաև օտարերկրացի այն քաղաքացիներին, ովքեր իրենց լուրջ ավանդն ու ներդրումն են ունեցել այս գործում: ԱԺ-ում պետական պարգևների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորն ասաց.
«Այս նախագծով առաջարկում ենք Պետական պարգևների մասին ՀՀ օրենքի 25 հոդվածում փոփոխություն կատարել և երախտագիտության մեդալով պարգևատրել նաև այն անձանց, ովքեր Հայոց ցեղասպանության գործում Հայաստանին ակնառու ծառայություններ են մատուցել»,- ասաց նա՝ շեշտելով, որ, ըստ նախագծի, սահմանվում է Մխիթար Գոշ և Երախտագիտության մեդալներով պարգևատրել բոլոր այն անձանց, այդ թվում՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց գործունեությամբ այսօր էլ շարունակում են նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:
Մեկ այլ նախագծով պատգամավորն առաջարկեց հիշատակության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և դեկտեմբերի 9-ը օրենքով սահամանված կարգով դարձնել բոլոր ժողովուդների ցեղասպանության հիշատակի օր:
Մտքերի փոխանակության ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս փոփոխությամբ օրացույցում ավելանում է ևս մեկ հիշատակության օր: Պատգամավորն առաջարկեց դեկտեմբերի 9-ը դարձնել ոչ թե այլ ազգերի Ցեղասպանության հիշատակի օր, այլ՝ Ցեղասպանությունների պայքարի դեմ միջազգային օր, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ այլևայլություններից:
«Պարոն Զաքարյան, ձեր առաջարկը ճիշտ մոտեցում չէ, քանի որ տարբեր ազգեր տարբեր օր են նշում իրենց ցեղսպանության օրը»,- հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ «պայքարի դեմ» դարձնելն ավելի հիմնավորված կլինի:
Ա. Մինասյանի այս տեսակետին համամիտ էր նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն Ա. Զաքարյանը մերժեց այդ առաջարկը՝ բացատրելով, որ ՀՀ օրենքում չկա նման օր և դա չի խանգարում, որպեսզի Հայաստանում առանձին, ևս մեկ անգամ հիշեն տարբեր ազգերի Ցեղասպանությունների օրը: «Մեր պրակտիկայում չունենք բոլոր ցեղասպանությունների հիշատակը նշելու օր, իսկ դեկտեմբերի 9-ը հնարավորություն կտա հիշել բոլոր այն ժողովուրդներին, որոնց նկատմամբ պատմության մեջ տեղի է ունեցել ցեղասպանություն»,- ասաց Զաքարյանը:
«Ես այնպես հասկացա, որ առաջարկս մերժում եք, բայց մեկ անգամ ևս ուսումնասիրեք ՄԱԿ-ի կոնվենցիան, որով հիմնավորել եք այս փոփոխությունը»,- արձագանքեց Ա. Մինասյանը: