27/03/2015 13:10
Վ. Բաղդասարյան. Գ. Ծառուկյանի բիզնեսներում հարկային մարմինների ստուգումները շարունակվում են
Դա սովորևական գործընթաց է, որին պետք է նորմալ վերաբերվել` անկախ կուսակցական պատկանելիությունից: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀՀԿ-ական իր որոշ գործընկերների հարկային մարմինների հետ ունեցած խնդիրներին:
Հիշեցնենք, մասնավորապես ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն (Բուռնաշ) ու Հակոբ Հակոբյանը (պիվի Հակոբը) տուգանվել են հարկային մարմինների կողմից՝ հարկերը թաքցնելու համար:
Նրա խոսքով` որևէ կուսակցական պատկանելիություն, անձնական վերաբերմունք չի կարող անդրադառնալ հարկային ստուգումների վրա.
«Դրանք պետք է շարունակական լինեն, պարզապես սա այն հարցն է, որ բոլորը պետք է գործեն հարկային դաշտում»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա Վ. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են և եթե լինեն խախտումներ` կտրվեն պատասխաններ: