07/04/2015 19:13
Ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի 5 անձ. Նրանց փաստաբանները ներգրավվել են որպես պաշտպաններ
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 5 անձ՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրենքով սահմանված կարգով նրանց պարզաբանվել են իրենց իրավունքները, և բոլորն էլ ցանկություն են հայտնել ունենալ պաշտպան։
Կասկածյալների և նրանց հարազատների կողմից հրավիրված փաստաբանները ներգրավվել են որպես պաշտպաններ։
Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գևորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գևորգ Դավթյանը։
Կասկածյալ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Գևորգ Դավթյանը։
Նախաքննությունը շարունակվում է, առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։