15/04/2015 15:51
Էրդողանի «բարությունն» անսահման է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա խոսել է Թուրքիայում ապրող հայերի մասին և նշել, թե Թուրքիան շատ բարի է օրինական և ապօրինի բնակվող 100 հազար հայերի նկատմամբ:
TRT Haber-ի փոխանցմամբ՝ թուրք առաջնորդն ընդգծել է, թե իշխանությունները կարող էին նրանց արտաքսել Թուրքիայից, բայց դա չեն անում:
«Հայաստանին և նրանց դեմ դռները բացած երկրների խորհրդարաններին եմ դիմում. իմ երկրում քաղաքացիություն ունեցող ու չունեցող մոտ 100 հազար հայ կա, իրենց երկրներում քանի՞սը կան: Մեր երկրում հայերի հանդեպ որևէ վատ վերաբերմունք այլ քաղաքացիների համեմատ բացասակայն վերաբերմունք եղե՞լ է: Շատ հայեր, իրենց երկրից փախչելով, Թուրքիա են գալիս, և Թուրքիան է այսօր նրանց հյուրընկալում: Մենք կարող ենք նրանց արտաքսել, բայց չենք անում: Նման վերաբերմունք ցույց տվող երկրի դեմ նման կեցվածք ընդունելն անհասկանալի է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է նաև Վանա լճի Աղթամար կղզու հայկական եկեղեցու վերակառուցման մասին և մատնանշել, թե այնտեղ պատարագ է մատուցվում:
Անդրադառնալով Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ այսօր քվեարկության դրվելիք բանաձևին՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Թուրքիան իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունելու:
«Եթե անգամ բանաձևն ընդունվի, դա Թուրքիայի համար որևէ արժեք չի ունենալու»,- հայտարարել է նա: