21/04/2015 20:08
«Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների՝ «Բրուցելոզ» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով հիվանդացել են «Բրուցելոզ» հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:
Նյութերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության առանձին աշխատակիցների կողմից խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, որն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։
Նախապատրաստված նյութերով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
18 անձ ճանաչվել է որպես տուժող։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք, որ Aysor.am-ը նախկինում անդրադարձել էր Կապանի «Գյուղարատ» սպանդանոցում արձանագրված դեպքերին, և հիշեցրել, որ սպանդանոցի հիմնադիրենրի շարքում Պետռեգիստրում գրանցված էին «ԼԱՄԱՔՍ գրուպ» և ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ: «ԼԱՄԱՔՍ գրուպ» հիմանդիրներ են Վահե Հակոբյանը, Արման Հակոբյանը և Նիաշը: «Լամաքս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ի հունվարին: