23/04/2015 13:35
Կարդինալ. Մենք պարտավոր ենք ընդդիմանալ նմանատիպ հանցագործություններին առանց որևէ զիջողության և անորոշության
«Ֆրանցիկոս պապը խնդրեց գտնվել այստեղ, իր աղոթքները, հոգևոր մտերմությունը հայտնել ձեզ: Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անվան համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով»,- Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխը:
«Այսօր ես ինձ շատ մոտ եմ ձեզ զգում: Ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է, գնում է 301 թվականը: Ձեր տառապանքի, մարտիրոսության հարյուրամյակները պատիվ ու հպարտություն են հաղորդում տիեզերական եկեղեցուն, վկայում են ձեր քաջության մասին, որը դրսևորել ենք: Վճռականությամբ անցել եք այդ ճանապարհը՝ պահպանելով ձեր ինքնությունը որպես ժողովուրդ, հավատացյալ: Հավատքն օգնել է ձեր ժողովրդին վերապրել այն, որ կատարվել է հարյուր տարի առաջ, որը կոչում ենք 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, այն, ինչ տեղի ունեցավ ոչ միայն ձեր, այլ պատմության, մարդկության ընտանիքի հետ»,- ասաց կարդինալը:
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ այս օրերին ևս տեղի են ունենում բռնության, ատելության դեպքեր, որոնք ունեն իրենց արմատները.
«Մենք պարտավոր ենք ընդդիմանալ նմանատիպ հանցագործություններին առանց որևէ զիջողության և անորոշության»: