23/04/2015 14:10
Արտգործնախարար. Չի կարելի ցեղասպանությունների կանխարգելումը ստորադասել որևէ քաղաքական շահից
Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է լինի մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սա է պատճառը, որ ինչպես նշեց ՀՀ Նախագահը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում զոհերի ոգեկոչման միջոցառումների հետ միասին մենք առանցքային տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերում մեր ներգրավվածությանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարն ընդգծեց՝ չի կարելի ցեղասպանությունների կանխարգելումը ստորադասել որևէ քաղաքական շահից, ու չի կարելի դրան երկրորդական նշանակություն տալ՝ անկախ քաղաքական օրակարգից:
«Ընդունված ճշմարտություն է՝ եթե մենք չենք ցանկանում թույլ տալ ցեղասպանոթյունների կրկնություն, ապա պարտավոր ենք վեր հանել այն նախապայմանները, որոնք հանգեցրել են անցյալի ցեղասպանությունների իրականացմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ այս ֆորումի ընթացքում բազմաթիվ բանախոսներ փորձեցին վեր հանել այս հարցերը: