29/04/2015 18:35
Նախարար. Գազի սակագնի վերաբերյալ չկա դեռ պաշտոնական որոշում
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց գազի սակագնի վերաբերյալ: Պատգամավորն իր խոսքում ընդգծեց, որ արդեն երկու օր է, ինչ Հայաստանում խոսում են գազի սակագնի իջեցման մասին, մինչդեռ՝ այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա:
«Խոսում են, որ սահմանում գազը 190 դոլարից դարձել է 165 դոլար, սակայն դա չի ազդելու սակագնի վրա: Մեր սակագինը պարունակում է սահմանի գին և մարժա, որը քննարկելով կազմում է միջինը 311 դոլար: Այստեղ սակագինը, փաստորեն, նվազել է 25 դոլարով, որը կապված է ինչ-որ մեկի շնորհքի հետ: Փաստորեն, սահմանից այս կողմ ստեղծվել է հնարավորություն ՀՀ սպառողին գազը մատակարարել էժան գնով, որը պետք է համապատասխանի նաև ԱԱՀ-ն: Այսինքն՝ գազը պետք է նվազեր նաև ԱԱՀ-ի մասով: Եվ եթե սահմանում գազն իջել է 28 դոլարով, ապա պետք է իջեցվի համապատասխանաբար: Ուզում եմ իմանալ, թե ո՞վ է իրավունք տվել, որ երկու պաշտոնական հայտարարություններ լինեն, այն դեպքում, երբ դրանք պետք է քննարկվեն միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որից հետո համապատասխան որոշում կայացվի, իսկ առայժմ այդպիսի որոշում չկա»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Նախարար Ե. Զախարյանն արձագանքելով պատասխանեց, որ, այո, մամուլում եղել են հրապարակումներ, այնուհետև ընդգծեց, որ գազի սակագինը սահմանում իջել է միայն ՀՀ և ՌԴ իշխանությունների հանձնարարությունների արդյունքում, սակայն այդ մասին իսկապես չկա որևէ պաշտոնական հայտարարություն, սակայն հավելեց, որ այդ մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա:
«Գազի գնի իջեցման հետ կապված որևէ ձևակերպում առայժմ չկա: Չի եղել նաև ներքին սպառողի գազի գնի հետ կապված. պետական որևէ հայտարարություն, որևէ տեղ չի եղել և գազի գինը սպռողի համար մնում է անփոփոխ, քանի որ կա դրա համար հատուկ մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Մինչև չլինի համապատասխան որոշում և փաստաթղթերի ձևակերպում, չի լինի նաև համապատասխան հայտարարություն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ոչ ոք օրենք չի խախտել, իսկ ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակումներին, ապա Ե. Զախարյանը հստակեցրեց, որ «Գազպրոմ Արմեիայիայի» մամլո պատասխանատուն հայտարարել է արդեն, որ փոփոխություն չի լինելու, որովհետև ներդրումներ են լինելու:
«Գուցե նա նկատի է ունեցել առաջարկությունները: Նա նշել է, որ այս ամենով կոմպենսացվելու է և Հայաստանը գազաֆիկացվելու է 100 տոկոսով, իսկ այդ գումարները գնալու են այդ ուղղությամբ»,- նկատեց նախարարը:
«Արդեն խոսում են, որ այդ խնայողությունները ուրիշ տեղ են գնալու: Ես խնդրում եմ հայտարարեք, որ դեռևս որևէ թանկացման խնդիր չկա»,- աձագանքեց Արամ Մանուկյանը, որին ի պատասխան Ե. Զախարյանը ասաց.
«Պարոն Մանուկյան, «Գազպորմ Արմենիայի» հայտարարությունը նշանակում է, որ պատրաստվում են ներկայացնել այդ հիմնավորումները, իսկ դա կլինի միայն Հանձնաժողովի որոշումից հետո: Պետական մակարդակով համապատասխան հայտարարությունը ևս կլինի այդ որոշումից հետո: Բայց առայժմ չի եղել»,- եզրափակեց նախարարը: