04/05/2015 12:03
Ալեքսանդր Ցինկեր. Արցախում անցկացվել են ժողովրդավարության բոլոր սկզբունքներին համապատասխան ընտրություններ
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններն անցել են ընտրողների բարձր մասնակցությամբ ու ժողովրդավարության բոլոր սկզբունքների համաձայն: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:
«Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում և կարող ենք ասել, որ դրանք Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ևս մեկ ակտ էին»,- ասաց Ա. Ցինկերը:
Միաժամանակ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավարը նշեց մի քանի թերություն, որոնց ականատես է եղել իրենց խումբը նախօրեին:
«Մի քանի տեղամասերի առջև նկատել ենք անտեղի կուտակումներ, որոշ տեղերում եղել է վատ լուսավորվածություն, իսկ գյուղական համայնքներից մի քանիում եղել են չկնքված քվեատուփեր: Բացի այդ դեռսևս լիովին ապահովված չէր սահմանափակ կարողությունների տեր քաղաքացիների համար քվեարկության անցկացումը»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:
Նա ընդգծեց, որ այս աննշան թերությունները, սակայն, չեն կարող ստվերել ընտրական ամբողջ գործընթացը:
«Ամփոփելով պետք է ասեմ, որ սրանք կայացած ընտրություններ էին, որոնք ևս մեկ հաջողակ քայլ էին դեպի ժողովրդավարական պետության ստեղծումը»,- ամփոփեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավարը: