04/05/2015 11:41
Արմեն Ռուստամյան. Բացառիկ երևույթ է` ունենք բանակ, որը կարողանում է և′ մասնակցել ընտրություններին, և′ սահմաններն անառիկ պահել
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր քաղաքացիներին, հատկապես` Արցախի ժողովրդին անցկացված այս ընտրությունների կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
«Երկրի կայացվածության ցուցանիշներից է այն, թե որքանով են կայացած դրա բոլոր ինստիտուտները և որքանով է երկրիրը կարողանում կազմակերպել ընտրություններ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց` բացառիկ է այն, որ Արցախը կարողանում և′ պաշտպանել սահմանները, և′ կազմակերպել նման մակարդակի ընտրություններ:
«Այսօր էլ սահմանների վրա լարվածություն կա: Բացառիկ երևույթ է` մենք ունենք բանակ, որը կարողանում է և′ մասնակցել ընտրություններին, և′ սահմաններն անառիկ պահել» ,- ասաց Արմեն Ռուստամյանը` նշելով, որ այս օրերին էլ սահմանային սադրանքների փորձեր են եղել:
ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ նաև քվեարկությանը հաջորդած ձայների հաշվարկի գործընթացին.
«Ես այստեղ մեր շտաբում էի ու հետևում էի այդ կարևորագույն գործընթացներից մեկին: Պիտի ասեմ, որ այն ևս անցել է առանց որևէ լարվածության»: