07/05/2015 19:35
Մենք չենք ստանում այնքան աշխատավարձ, որը կբավարարի նորմալ ապրելու համար. Ռոման Բաբայան
Aysor.am-ի զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանն է, ում հեռուստադիտողն առավել շատ ճանաչում է սերիալներից և «Կյանքի կարուսել» նախագծից: Ինչպիսի՞ն է կյանքում, ի՞նչ նախասիրություններ ունի, ի՞նչն է համարում դերասանի դժբախտությունը և ինչպե՞ս է սիրում անցկացնել ժամանակը` փորձեցինք պարզել իրենից:
-Ռոման, ինչո՞վ է պայմանավորված Ձեր ներկայիս էկրանային պասիվությունը: Չե՞ք ուզում այլևս սերիալներում նկարահանվել:
-Վերջերս դերասանների մեծ մասի մոտ է նկատվում էկրանային պասիվություն: Պատճառն այն է, որ սերիալներ քիչ են նկարահանվում, մի քանիսն էլ փակվեց: Ես սերիալներին բոլորովին դեմ չեմ, և պատրաստ եմ ընդունել յուրաքանչյուր հետաքրքիր առաջարկ:
-Իսկ այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Իմ շատ սիրելի թատրոնի փորձերով և ներկայացումներով:
-Փաստորեն, ի տարբերություն շատ երիտասարդ դերասանների, չեք մոռացել նաև թատերական գործունեության մասին:
-Ես դերասանի մասնագիտությունն եմ ընտրել, որին պետք է մինչև վերջ նվիրված լինեմ: Միայն թատրոնում ես կարող քո ժամանակը, ուժն ու եռանդը ներդնել ու փոխարենը ստանալ հոգևոր մեծ բավարարվածություն:
-Իսկ ֆինանսակա՞ն: Գո՞հ եք Հայաստանում դերասանի վարձատրությունից: Դրանով կարելի՞ է հոգալ ընտանիքի ծախսերը:
-Իհարկե, մենք չենք ստանում այնքան աշխատավարձ, որը կբավարարի նորմալ ապրելու համար: Սակայն, կկրկնվեմ ու կասեմ, որ վստահ եմ,`յուրաքանչյուր դերասան կցանկանա իր ամբողջ ժամանակը թատրոնում անցկացնել:
-Պատկառելի տարիքով և փորձով դերասանները ներողամի՞տ են երիտասարդների նկատմամբ:
-Ոչ բոլորն են ներողամիտ…
-Սունդուկյան թատրոնում վերջերս նոր գեղարվեստական ղեկավար նշանակվեց: Սպասելիքները շա՞տ են:
-Նախ, ուզում եմ շնորհավորել բոլորիս: Մեծ սպասելիքներ ունեմ, հուսով եմ` էլ ավելի լավ կլինի մեր թատրոնում:
-Արդյոք կա՞ն խնդիրներ, որոնք, կցանկանաք, որ շտկվեն:
-Կարծում եմ, չկա այնպիսի տեղ, որտեղ ապրելով և ստեղծագործելով` չբախվես խնդիրների: Նորմալ եմ համարում դա: Կցանկանայի, որ դերասաններն իրենց մասնագիտության մեջ բավարարված զգան: Դերասանի համար «պարապ» մնալուց վատ բան չկա:
-Ռոման, ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում գեղարվեստական ֆիլմերում:
-Գաղտնիքներ չեմ բացի, բայց կասեմ, որ շուտով կտեսնեք:
-Ի՞նչ կերպարով կցանկանաք ներկայանալ ֆիլմում:
-Իսկական հայ տղամարդու:
-Այսի՞նքն:
-Եվրոպական բարքերը գնալով ավելի շատ են մեր կյանք ներխուժում, հայ տղամարդու տեսակը գնալով ավելի կորում է: Կցանկանամ, որ պահպանենք այն, ինչը մերն է:
-Ավանդապա՞հ եք բնավորությամբ:
-ՉԷի ասի, որ ավանդույթների լուրջ հետևորդ եմ: Բայց կարևոր արժեքները ձգտում եմ պահպանել:
-Կարևորո՞ւմ եք կնոջ դերը Ձեր կյանքում:
-Կինն առեղծվածային ու հրաշալի հորինվածք է, ինչպե՞ս կարելի է կարևորություն չտալ:
-Այդ դեպքում ինչո՞ւ չեք շտապում ընտանիք կազմել:
-Ամուսնությունը կյանքում ամենակարևոր հարցերից մեկն է, կարծում եմ` պետք չէ շտապել: Ամեն ինչ կլինի իր ժամանակին:
-Սիրահարվա՞ծ եք:
-Դեռ ոչ:
-Ռոման, հաճա՞խ են աղջիկ երկրպագուները սիրո խոստովանություն անում Ձեզ:
-Չեմ ասի (ժպտում է):
-Կյանքում ինչի՞ց եք ամենաշատն ուրախանում:
-Առաջնահերթ` ընտանիքիս հաջողություններից:
-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Շատ նվիրվող եմ, ընկերասեր, բարի (ծիծաղում է):
-Արվեստի մարդիկ հաճախ են բանավիճում, քննարկում… Արդյո՞ք նման բանավեճերը երբեմն վեճի չեն վերածվում:
-Իհարկե, նման բաներ լինում են: Ասեմ ավելին. երբեմն երկար ժամանակ չեն էլ շփվում:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ունեմ մայր, հայր, երկու եղբայր: Մեծ եղբայրս պարում է Պարի պետական անսամբլում, փոքր եղբայրս ավարտել է Մոսկվայի համալսարանը` տուրիզմի մասնագետ է: Ես միջնեկն եմ: Քանի որ ծնունդով Սիսիանից եմ, ծնողներս այնտեղ են ապրում, ես Երևանում եղբորս և իր կնոջ հետ եմ ապրում:
-Խնդիրներ չե՞ն ծագում ընտանիքում:
-Բոլոր ընտանիքներում էլ խնդիրներ լինում են, ոչ մեկը դրանից զերծ չէ: Եղբորս ընտանիքը նորաստեղծ ընտանիք է, հաշտ ու խաղաղ ապրում ենք:
-Խադո՞տ եք Ձեր տեսակով:
-Վայ, ահավոր շատ (ժպտում է):
-Ասում են` «քեֆային» մարդ եք, սիրում եք լավ ուրախանալ խնջույքների ժամանակ:
-Շատ ճիշտ են ասում, այդպիսի մարդ եմ և սիրում եմ հենց այդպիսի մարդկանց:
-Ակումբների սիրահա՞ր եք:
-Մեկ-մեկ հաճախում եմ ընկերներիս հետ: