09/05/2015 12:00
Մարդուն պետք է շտկվելու հնարավորություն տալ. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է զրուցել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հետ, մայիսի 8-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին: Այսօր էլ ավանդույթի համաձայն՝ նա եկել էր Հաղթանակի զբոսայգի՝ տոնելու մայիսյան հաղթանակները, որտեղ նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
Վերջինս հույս հայտնեց, որ Երանոսյանը լուրջ հետևությունններ կանի այդ ամենից: «Երանոսյանն իր անցած ուղին ունի, իր առանձնահատկությունը, և ես խոսել եմ նրա հետ, ինքն էլ արդեն մեկնաբանություն է տվել: Այսքանով եկեք հարցը փակենք: Կարծում եմ՝ նա լուրջ հետևություններ կանի»,- ասաց նա:
Ի դեպ՝ այսօր էլ ոստիկանապետին Հաղթանակի զբոսայգում ուղեկցում էր նույն ինքը՝ Լևոն Երանոսյանը, որին ոստիկանապետը թույլ չտվեց լրագրողների հոտ խոսել:
Հարցին՝ ինչով են պայմանավորված վերջին կադրային փոփոխությունները, ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը ևս աշխատող օրգանիզմ է, որը նույնպես փոփոխությունների կարիք ունի: «Եվ եթե մենք այսօր գնում ենք բարեփոխումների, ոստիկանության կերպարը փոխելուն, նույն ոստիկանապետերին պետք է հնարավորություն տանք շտկվելու: Մի տեղ նրանք աշխատել են ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ թերություն են ունեցել, մարդուն տեղափոխում ես մի ուրիշ տեղ՝ հնարավորություն տալով ազատվել այդ թերություններից»,- հավելեց նա՝ շեշտելով, որ ինքը կողմնակից է մարդկանց հնարավորություն տալուն: «Չշտկվելու դեպքում միայն կարելի է համակարգից հեռացնել»,- նշեց Վ. Գասպարյանը:
Անդրադառնալով մայիսյան տոներին՝ ոստիկանապետը հավելեց, որ տա Աստված, որ բոլոր ամիսները լինեն հաղթանակի ամիսներ: «Կյանքը ցույց է տվել, որ երբ միասնական ենք լինում՝ ունենում ենք հաղթանակներ, իսկ երբ անջատ ենք՝ լինում են եղեռներ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը Եռաբլուրում իրենից գումար մուրող կնոջն ասել էր՝ դեռ չես սատկել: