11/05/2015 14:00
Ա. Աշոտյան. Ադրբեջանից ընդհանրապես պատասխան չենք ստացել
Հայաստանը Եվրոպական բարձրագույն կրթական համակարգին անդամակցության տասը տարիների ընթացքում շոշափելի արդյունքներ է գրանցել: Այդ ժամանակաշրջանը մեր երկրի համար դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ, որում արդեն ավարտին ենք հասցրել կառուցվածքային բարեփոխումների փուլը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, մայիսի 14-15-ը Երևանում կկայանա Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որին մասնակցելու հրավեր է ստացել 147 երկիր, բազմաթիվ կազմակերպություններ, կմասնակցեն շուրջ 20 երկրների նախարարներ:
«Կրթական նման խոշոր միջոցառում Հայաստանում առաջին անգամ է իրականացվելու»,-ընդգծեց նա:
Նախարարը հայտարարեց, թե ՀՀ կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական ստանդարտներին ու հիշեցրեց, թե որոնք են Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչները՝ համատեղ աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցումը, որակի ապահովումը, եռաստիճան կրթական համակարգը, որակավորումների շրջանակը և այլն:
Վերադառնալով հրավիրվածներին՝ Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ բացառություն չի արվել նաև մեր հարևանների համար.
«Ֆորումին մասնակցելու հրավեր ստացել են նաև գործընթացի անդամ երկրներ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները: Կարող եմ ասել, որ Թուրքիան ֆորումին կմասնակցի, թեև ոչ նախարարի մակարդակով, բայց Ադրբեջանից, ցավոք, պատասխան չունենք»:
Ա. Աշոտյանը հավելեց, որ ֆորումը համաեվրոպական նշանակության իրադարձություն է: Խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը եվրոպական տարածքը խորհրդանշող աստղիկներով է: