20/05/2015 19:04
Բակո Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ, հանդիպել սենատորներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ և այնտեղ հանդիպում ունեցել մի խումբ սենատորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ և պատասխանել ներկաների հարցերին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկիր և ժողովրդավարության բնօրրաններից մեկը, երկիր, որը Հայոց ցեղասպանությունից հետո դարձել է հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը:
Արցախի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը: