20/05/2015 11:24
Արամ Մանուկյան. Դահիճ, վայրագ են այն մարդիկ, որ զոհված զինվորի մոր վրա ձեռք են բարձրացնում
«Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ, ամեն զինվոր իմ որդին է.... Հրաշալի կարգախոս է»,- ԱԺ մուտքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով միացել էր խորհրդարանի մուտքի դիմաց խաղաղ ակցիա իրականացնող զոհված զինվորների ծնողներին:
«Եթե այս երկրում զինվոր է զոհվում, եթե զոհված զինվորի մորը փողոցում քարշ են տալիս, ապա Հայաստանում որևէ քաղաքացի հանգիստ չպետք է քնի: Եթե մեջներս մի քիչ նամուս կա, եթե մի քիչ արդարության զգացում կա, եթե մի քիչ արժանապատվություն կա, ապա այդ ծնողների կողքին պետք է լինենք»,- ասաց Արամ Մանուկյանը:
Դահիճ են, շարունակեց խոսքը նա, այն մարդիկ, որ զոհված զինվորի մոր վրա ձեռք են բարձրացնում, դահիճ, վայրագ, ենիչերի.... «Մենք ուզում ենք պաշտպանել Հայաստանի սահմանը պաշտպտպանող զինվորին և նրա ծնողին: Բոլոր նրանք, ովքեր հակառակն են անում, օրենքի խախտողներ են՝ հրաման տվողից մինչև կատարողներ»: