30/05/2015 12:00
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ աճել է 17 %-ով
Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ ՀՀ-ում համախառն ներքին արդյունքը 2015թ. առաջին եռամսյակում կազմել է 873.6 մլրդ. դրամով` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ 2.2 %-անոց աճ արձանագրելով, ընդ որում ավելացված արժեքի աճը կազմել է 2.7 %: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ կազմել է 290 հազ. դրամ` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճելով մոտ 17 %-ով:
ՀՆԱ աճին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության 4.9 %-անոց աճը, և հանքարդյունաբերության 30 %-անոց աճը: Գյուղատնտեսության աճը ձմեռային ամիսներին պայմանավորված էր ջերմոցային տնտեսությունների ծավալների աճով, և բարենպաստ կլիմայական պայմաններով: Հանքարդյունաբերության աճը պայմանավորված է «Թեղուտի» հանքավայրի շահագործմամբ և պղնձի միջազգային գների աճով:
Համեմատաբար մեծ անկում է գրանցվել էլեկտրականության և առևտրի ոլորտներում, համապատասխանաբար նվազելով 8.9 % և 5.9 %-ով: Էլեկտրականության ծավալների նվազումը հիմնականում կապված է` բնակչության թվի կրճատմամբ, բնակչության կողմից կատարվող տնտեսումների, էներգախնայողությանն ուղղված քայլերի, և արևային մարտկոցների օգտագործմամբ, իսկ մյուս գործոնը դա մեղմ ձմեռային ամիսներն են: Առևտրի ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է մեքենաների առքուվաճառքի ծավալների կտրուկ նվազմամբ, որը առաջացել է շուկայի գերհագեցվածության պատճառով:
Արձանագրված տնտեսական աճի մակարդակը ցածր է խոստացված և բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի մակարդակից, որը հիմնականում պայմանավորված է խոշոր առևտրային գործընկերոջ` ՌԴ հետ առևտրի ծավալների նվազմամբ: Չնայած նրան, որ արձանագրված տնտեսական աճը ցածր է խոստացվածից, բայց հնարավոր է, որ այն մի փոքր աճի` կապված ԵՏՄ անդամների միջև մաքսատուրքերի վերաբաշխումից` պետ. բյուջե մուտք լինող միջոցների հաշվին: