08/06/2015 11:11
Քաջարանյան հեպատիտի հետքերով. Ինչո՞ւ աղմկահարույց այս դեպքը մոռացության մատնվեց
Այս տարին՝ 2015 թ-ը, սկսվեց ոչ այնքան լավ լուրերով, որոնց թվում էր նաև տեղեկությունն այն մասին, որ «Քաջարանի բժշկական կենտրոնի» աշխատակիցների անփութության պատճառով քաղաքացիներ են վարակվել հեպատիտ C հիվանդությամբ: Պատմությունը, որ սկանդալային մեկնարկ ունեցավ, այսօր, կարծես, մոռացության է մատնվել ու թերևս այն պատճառով, որ վարակվածների բուժման ծախսը իր վրա վերցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի մի քանի աշխատակիցներ ևս հեպատիտով C վարակվածների թվում էին հայտնվել… այսօր, մի քանի ամիս անց, տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ այս դեպքը այսքան արագ մոռացության մատնվեց պատկան մարմինների կողմից ու նույն Առողջապահության նախարարությունն այլևս դրան չի անդրադառնում: Իսկ եթե չլիներ նման հզոր հովանավոր, որն իր վրա կառներ վարակվածների բուժման ծախսը, ի՞նչ էր լինելու այդ դեպքում:
Aysor.am-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ադմինիստրատիվ տնօրեն Վահե Հակոբյանը անդրադարձավ այս պատմությանը՝ հիշեցնելով, որ փորձաքննությունների արդյունքում պարզվել էր, որ 20 վարակվածներից 5-ը կոմբինատի աշխատողներ էին, մնացածը հիմնականում սյունեցիներ: Ու քանի որ կոմբինատը իր հինգ աշխատողների բուժման ծախսը վերցրեց իր վրա՝ բավականին թանկ բուժում, նաև որոշում կայացվեց մնացած 15-ի բուժումն էլ հոգալ: Ըստ այդմ, պայմանագիր կնքվեց կոմբինատի, «Էլիտ մեդ» և «Նաիրի ինշուրանսի» հետ, որը հանդիսանում է կոմբինատի գործընկերը ապահովագրական հարցերում.
«Բուժումն իրականացվում է «Էլիտ մեդում» և այսօրվա դրությամբ 5-ը լիովին ապաքինվել են, մյուսները շարունակում են բուժումը: Մենք մշտապես հետևում ենք իրավիճակին. կարևորն այն է, որ թե քաղաքացիներն են չափազանց գոհ ընթացքից, թե բժիշկները»,- ասաց Վ.Հակոբյանը: Նա ավելացրեց, որ այս պահի դրությամբ մնացել են ծանր դեպքերը, որոնց բուժումն էլ, խոստացել են բժիշկները, կավարտվի մինչև տարեբերջ:
Տնօրենը տեղեկացրեց, որ քննությունն այս աղմկահարույց հարցով դեռ չի ավարտվել և դրա արդյունքում պարզ կդառնա, թե որն էր քաղաքացիների մասայական վարակման պատճառը, բայց իր կարծիքով՝ խոսքը միայն ու միայն բժիշկների անփութությունն էր.
«Ես ուզում եմ հատուկ ընդգծեմ, որ հիվանդանոցը համայնքային է, պարզապես կոմբինատը շուրջ 500 հազար դոլարի սարքավորումներ է գնել ու նվիրաբերել բժշկական կենտրոնին: Ընդ որում սարքավորումներ, որոնք հանրապետության որևէ այլ բժշկական կենտրոնում չկան»,- հավելեց նա:
Նշենք, որ բուժումն իրականացվում է Pegasys դեղորայքի միջոցով, որը համարվում է արդյունավետ դեղամիջոց ու ընդունված է աշխարհում, մինչդեռ շատ դեղամիջոցներ, որ առաջարկվում են որպես բուժման միջոց, դեռ հաստատված չեն և գտնվում են փորձարկման շրջանում: Pegasys-ը, սակայն, բավականին թանկ արժե. Հեպատիտ C-ի բուժման կուրսը կազմում է 16 կամ 24 շաբաթ, իրականացվում է շաբաթը 1 ներարկումով, տվյալ դեղամիջոցի 1 սրվակն արժե 142 հազար դրամ: Այսինքն` 24 շաբաթ բուժվելու դեպքում միայն դեղամիջոցի համար հիվանդին անհրաժեշտ է 3.5 մլն դրամ` չհաշված բավականին թանկարժեք արյան անալիզները, որ պարտադիր են ու պարբերական , չհաշված նաև մյուս հավելյալ ծախսերը, որ կապված են հիվանդության ընթացքի հետ.
Հիշեցնենք նաև, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` երկու և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ: Վարակված քաղաքացիները նշել էին, որ նախքան բժշկական կենտրոն դիմելը հեպատիտ C իրենց մոտ չի ախտորոշվել, իսկ սույն հաստատությունում բժշկական միջամտություն ստանալուց հետո այն ախտորոշվել է: