15/06/2015 12:10
Փոխնախարար. Ազատազրկման վայրերում շատ դեպքերում մարդիկ չեն ուղղվում
Պրոբացիոն ծառայության ներդրմամբ՝ մենք աշխատանք են կատարելու հանցագործների և տուժողների հետ, բեռնաթափելու ենք ՔԿՀ-ները, կրճատելու ենք պետական ծախսերը, որովհետև օրական 6000 դրամ ծախս է կատարվում դատապարտյալների համար: Այս մասին այսօր «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» վերաբերյալ սեմինարին իր բացման խոսքում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով` վիճակագրության համաձայն, մեր երկրում առավել հաճախ որպես պատիժ և խափանման միջոց կիրառվում է ազատազրկումը, ինչը, սակայն չի նպաստում բոլոր նպատակների իրականցմանը:
«Մենք առանցքային նոր ինստիտուտ ենք ներդնում, որը գործելու է արդարադատության նախարարության կազմում ՔԿՀ ծառայությունից անկախ: Բարեփոխման իմաստը հասկանալու համար պետք է անդրադառնանք պատժի հասկացություններին և նպատակներին:
Օրենսդրորեն ամրագրված պատժի նպատակներից է սոցիալական արդարության վերականգնումը, դատապարտյալի ուղղումը և կրկնահանցագործության կանխումը: Մենք ունենք ամրագրված պատժի տաս տեսակ, որից միայն չորսն են կապված ազատազրկման հետ, սակայն, վիճակագրության համաձայն, դատարանների կողմից կիրառվում են առավել շատ ազատարկման հետ կապված պատիժները և խափանման միջոցները»,- ասաց նա:
Ս. Քրմոյանի խոսքով, եթե պատժի մասին է խոսքը, գուցե դրանով վերականգնում ենք սոցիալական արդարությունը, որովհետև այդ անձը հնարավորություն է ունենում փոխհատուցել վնասը, սակայն ինչ վերաբերում է դատապարտյալի ուղղմանը, ապա ազատազրկման վայրերում, շատ դեպքերում, այդ մարդիկ չեն ուղղվում:
«Պրոբացիոն ծառայության ներքո իրականցվում են այլընտրանքային պատիժները: Այս ծառայության ներդրմամբ մենք փորձելու ենք փոխել պատժի նպատակները, քանի որ այդ անձը մի քանի տարի անց վերադառնալու է և ապրելու մեր կողքին»,- ասաց նա:
Նախատեսվում է, որ 2016 թվականից պրոբացիայի ծառայությունը սկսկի գործել: Պրոբացիայի ծառայությունն այլընտրանքային պատժատեսակ է, որի դեպքում հանցագործը պատիժը կրում է ազատության մեջ՝ մշտապես գտնվելով պրոբացիոն ծառայողության վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ: