15/06/2015 13:55
Փորձագետ. Պրոբացիոն ծառայության նպատակ է, որ անձը չհայտնվի Քրեակատարողական հիմնարկում, եթե կա այլընտրանք
Պրոբացիոն ծառայության նպատակ է, որ անձը չհայտնվի Քրեակատարողական հիմնարկում, եթե հնարավոր այլըտրանք կա: Այս մասին այսօր ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի վերաբերյալ ուսանողների համար անցկացվող սեմինարի ընթացքում ասաց միջազգային փորձագետ Մարտին Սեդոն:
Նրա խոսքով` պրոբացիոն ծառայությունը վերաբերվում է միջին ծանրության հանցագործությունը կատարած մարդկանց, որոնց վերաբերյալ գործերը, հասնելով դատարան, բարդություններ են ստեղծում պատժի ընտրության տեսանկյունից:
«Խոսքը ծանր իրավախախտների մասին չէ, այլ մարդկանց, ովքեր թմրանյութեր են գողացել, մարդկանց տներ են մտել կամ գողացել բջջային հեռախոս, մարդիկ, ովքեր անօթևան են, ընչազուրկ, հարբում են և դրա պատճառով պրոբլեմներ են առաջանում: Երբ նրան գործը հասնում է դատարան, այն շատ բարդ է լինում, որովհետև դատարանները տարբեր բաներ են ցանկանում անել, անձին մի կողմից ուզում են պատժել, ուզում են ուղղել իրավախախտին, համոզվել, որ ինչ-որ տեսակի հատուցում կլինի տուժողի կրած ցավի դիմաց: Պետությունների մեծ մասը համակարծիք են, որ միջին ծանր հանցագործներին բանտ ուղարկելը հարցի լուծում չէ»,-ասաց նա:
Մ. Սեդոնն ասաց, որ պրոբացիայի ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ որպես պատիժ հնարավոր է կիրառել՝ Եվրոպայում ընդունված անվճար աշխատանքը, գրասենյակային վերահսկողությունը, ինտերնատային, էլեկտրոնային դիտարկում:
«Գրասենյակային վերահսկողություննն այն է, երբ կանոնավոր ու լուրջ հանդիպումներ է անցկացվում իրավախախատի հետ, կարող է կապվել նաև խմբային աշխատանքի հետ, իսկ ինտերնատայինի դեպքում պրոբացիայի ծառայությունը տուն է վերցնում, 12-15 հաստիքային աշխատողներ են լինում, ովքեր ինտենսիվ խորհրդատավություն են իրականացնում և վեց, ինը ամիս անց անձը կայունանում է, ով այլ պարագայում հազիվ թե դադարեր հանցագործություն կատարել»,- ասաց նա:
Մ. Սեդոնի խոսքով, արդյունավետ է նաև էլեկտրոնային դիտարկումը, որը համարվում է վերահսկողության հիմնական մեթոդը, ներդրվել է դեռևս 30 տարի առաջ, որի դեպքում իրավախախտը ոտքին շղթա է կրում, իսկ տանը դրված է լինում փորքիկ հաղորդակ և տնից շատ հեռանալու դեպքում ահազանգ է գրանցվում կենտրոնական շտաբ:
Նրա խոսքով` վերջին շրջանում ներդրվել են նաև վերահսկողության մի քանի ձևեր:
Փորձագետն ասաց, որ թմրամիջոցներ օգտագործողների դեպքում՝ խնդիրը բարդանում է և նրանց դեպքում պրոբացիա կիրառվում է այն ժամանակ, երբ իրավախախտը համաձայնվում է ամեն շաբաթ անալիզ հանձնել:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ: