16/06/2015 14:02
«Պրոբացիոն ծառայությունը կավելացնի դատարանների վստահությունը այլընտրաքային խափանման միջոցների կիրառման հանդեպ»
Հույս ունեմ, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ դատարանների վստահությունը կավելանա այլընտրաքային խափանման միջոցների կիրառման հարցում և ունենալով սոցիալական աշխատողի և հոգեբանի պրոֆեսիոնալ թիմ, արդեն իսկ պատիժը պայմանականորեն չկրած անձանց նկատմամբ կարող են նշանակվել այլըտրանքային պատժատեսակներ, և արդյունքում կունենանք ավելի արդյունավետ վերականգնողական արդարադատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրմանը:
Նշենք, որ այսօր ԱՆ այլընտրանքային պատիժների կատարման բաժին էին այցելել միջազգային փորձագետ Մարտին Սեդոն, ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը և Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Լ. Ավետիսյանի խոսքով՝ այժմ բաժնում հաշվառված է 1913 դատապարտյալ, իսկ ամենաշատը մեկ տարում ունեցել ենք 3000-ից ավելի դատապարտյալ:
«Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ-ում գործում է 10 տարի և կատարում է ազատազրկման հետ չկապված երեք պատժատեսակների՝ տուգանք, հանրայաին աշխատանք և որոշակի պաշտոն չզբաղեցնելու կատարման և վերահսկողական ֆունկցիա: Այսօր ՀՀ-ում ընդունվելու են նոր Քրեական և Քրեադատավարական օրենսգքրերը, որում առկա են լինելու նոր այլըտրանքային պատժատեսակներ, որոնք ԵԽ երկրներում կատարում է պրոբացիայի ծառայությունը»,-ասաց նա:
Լ. Ավետիսյանի խոսքով՝ այլ երկրների նման ՀՀ-ում այս ծառայությունը չի ներդրվում առանց հիմքի, այլ այլըտրնքային պատիժների կատարման բաժինը կհանդիսանա այն հիմքը, որի վրա էլ ուսուցում կստանան ծառայության նոր աշխատակիցները:
«Պրոբացիա նշանակում է փորձություն, փորձաշրջան: Մենք ունենք ամուր հիմքեր, որը ստեղծել է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը և, գործառույթները ավելացնելով, մենք կունենանք լիակատար պրոբացիոն ծառայություն, որը իր գործառույթներով բաղկացած կլինի 4 փուլերից՝ մինչդատական, դատական, պատժային, հետպատժային և մեդիացիայի, արտդատարական հաշտեցման գործառույթները: 2003 թ. ՔՕ-ով նախատեսված են եղել այս պատժատեսակները, որ այժմ գործում են, ժամանակն է, որ ունենաք նոր պատժատեսակներ»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ բարդություններ է տեսնում ծառայության կայացման առումով, նա պատասխանեց, որ իրենք ունեն մտավախություններ և բարդություններ յուրաքանչյուր բնագավառում հնարավոր են, եթե այն նոր է ստեղծվում, սակայն հույս ունեն, որ դրանք բոլորը կհաղթահարվեն:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրների հետ համեմատ՝ այլըտրանքային պատիժները մեր երկրում քիչ չեն կիրառվում, այլ հարց է խափանման միջոցների շատ և քիչ կիրառությունը, ինչը, սակայն կապված է նրա հետ, որ մենք չունենք շատ թվով այլընտրանքային խափանման միջոցներ, որ կիրառվեն:
«Եթե տնային կալանքը ունենանք որպես խափանման միջոց, ապա դրանով հնարավոր կլինի բեռնաթափել ՔԿՀ-ները, ունենաք ազատության սահմանփակում պատժատեսակը, որը հսկվում է էլեկտրոնային մոնիթորինգով: Ասենք, գիշերային ժամերին գողություն կատարողին կարելի է հսկողություն իրականացնել միայն էլեկտրոնային եղանակով, ոչ թե երկու աշխատակից կանգնեցնել նրա կողքին, որ տեսնեն՝ տնից դուրս եկավ, թե ոչ»,-ասաց նա:
Լ. Ավետիսյանի խոսքով՝ այսօր էլ նման պատժատեսակներ նշանակվում են դատարանների կողմից, սակայն, ավելի մեծ ծառայություն ունենալու դեպքում, միգուցե, դատարանները ավելի շատ կվստահեն իրենց բաժնին:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը կայացել է, նա պատասխանեց, որ եթե այլ երկրներում պրոբացիոն ծառայությունը նորություն է, ապա մեզ մոտ բոլորը տեղյակ են, որ գործում է նման բաժին, որի հիմքի վրա էլ ձևավորվելու է ծառայությունը:
Հարցին՝ կստացվի՞ համագործակցությունը դատարանների հետ, նա պատասխանեց.
«Ես առաջին իսկ օրվանից հնչեցրել եմ իմ կարծիքը, ամենակարևորը՝ պրոբացիոն ծառայությունը կաշխատի թե ոչ, կապված է դատարանների հետ, եթե դատարանը ցանկություն ունեցավ, այն կիրականացվի, իհարկե, այստեղ էլ կան մեծ պրոբլեմներ, ժամկետի հետ կապված, նոր Քրդատ նախագծով պակասում է քննիչի ժամանակը և նա պետքէ հասցնի իր գործողությունները կատարի և այն հասցնի դատարան, դատավորը պետք է պրոբացիոն ծառայողին ասի, որ զեկույց պատրաստի... այս ամենը տեխնիկական բարդ պրոցես է, այդ մի հատվածը, որ դատավորը կուզենա, թե ոչ, կաշխատի, թե ոչ, կախված է միայն դատավորի կամքից»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ պրոբացիոն ծառայությամբ կլուծվի ևս մեկ շատ կարևոր խնդիր, որ կարողանան նորմալ անձ վերադարձնել հասարակություն: