18/06/2015 18:26
Արամ Մանուկյանի ծեծի գործով մեղադրյալը դատապարտվեց 1 ամիս կալանքի
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և դատապարտվել 1 ամիս ժամկետով կալանքի, որը նա պետք է կրի արգելանքի վերցնելու օրվանից:
Այսօր նման դատավճիռ է կայացվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ա. Սվազյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը մնացել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը ասաց, որ դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ որոշում կկայացնի իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո:
«Եթե դատավճիռը բողոքարկելու որոշումը միայն ինձանից կախված լիներ, ապա ես կբողոքարկեի, քանի որ դատարանը հաշվի չառավ ոչ տուժողի վարքագիծը, ոչ էլ այն, որ իմ պաշտպանյալը նախաքննության ընթացքում երբեք չի հրաժարվել նրանից, որ ինքն է այդ արարքը կատարել: Կարծում եմ, եթե տուժողը չլիներ ԱԺ պատգամավոր, այլ սովորական քաղաքացի, իմ պաշտպանյալը չէր ազատազրկվի»,-ասաց նա: