23/06/2015 12:00
Ա. Աշոտյան. Հպարտ եմ այսպիսի երիտասարդության ու արհեստավարժ ոստիկանության համար
Ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդություն և արհեստավարժ գործող ոստիկաններ: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով առավոտյան դեպքերին:
Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարները, որոնք գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է: Ընդհարումներում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, կան տեսանյութեր ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության մասին, 237 անձ բերման է ենթարկվել: Այդ թվում տուժել են լրագրողներ:
Արմեն Աշոտյանն ասաց, որ հպարտություն է զգում Հայաստանի երիտասարդության համար, որ պայքարում է իր քաղաքացիական պարտքի զգացումով և հպարտություն է զգում արհեստավարժ ոստիկանների համար, որ բավականին «արհեստավարժ, եվրոպական չափանիշներով գործողություններ է իրականացրել».
«Որպեսզի այս երկուսը մեր երկրում չբախվեն, պետք է բոլոր կողմերը առաջնորդվեն բացառապես օրենքով: Ուստի ես ուրախ եմ, որ ունենք նման երիտասարդություն մեր երկրում և ուրախ եմ, որ ունենք արհեստավարժ ոստիկանություն»,- ասաց նա:
Նրա խոսքով` ցուցարարները երկու ռազմավարական սխալ են թույլ տվել: Նախ, երբ մերժեցին ՀՀ նախագահի հանդիպման առաջարկությունը: Հայաստանի քսանհինգամյա պատմության մեջ, շեշտեց նա, որևէ նախագահ, որևէ ցույցի մասնակիցներին իր մոտ` Բաղրամյան նստավայր չի հրավիրել.
«Սա քաղաքական մշակույթի տեսակետից աննախադեպ էր և կարող էր նաև լավ զարգացում ստանալ, եթե քաղաքացիները վստահեին հինգ հոգու և այդ երկխոսությունը երկրի նախագահի ու երիտասարդության միջև կայանար»:
Մյուս սխալն, ըստ Աշոտյանի, մարտավարական էր` չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ.
«Այնուհանդերձ պետք է ասեմ, որ առավոտյան հետևելով լրահոսին ես սփոփվեցի, որ արյուն չկար և մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»,- հավելեց նա: