25/06/2015 17:33
Է.Նալբանդյան. Ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել
Ադրբեջանը ապարդյուն փորձում է փրկել իր օրեցօր վատթարացող, ազատ անկման մեջ գտնվող միջազգային վարկանիշը տարբեր միջազգային հարթակներում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ԱԳ նախարարը մասնավորապես անդրադարձել է ԵԽԽՎ-ում երկու օր առաջ տեղի ունեցած զարգացումներին, երբ Ադրբեջանի ժողովրդական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցից դուրս բերվեց հայկական կողմի համար անընդունելի պարբերությունը:
Է.Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը և մարդու իրավունքների ոտնահարումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում .
«Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ և թե՛ մյուս հարցում: Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, և մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունը և իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ»,- հայտարարեց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ.
«Դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար, որպեսզի նա առավել մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային ասպարեզում»,- հավելեց Է.Նալբանդյանը: