26/06/2015 11:45
Ա. Փերենջիև. Մայդան Հայաստանում չի ստացվի
Մայդան Հայաստանում չի ստացվի: Վստահ եմ, որ բողոքի ակցիաները կմնան սոցիալականի շրջանակում , քաղաքական պահանջներ առաջ չեն քաշվի և իրավիճակը կհարթվի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի վերլուծաբան Ալեքսանդր Փերենջիևը՝ մեկնաբանելով երևանյան վերջին իրադարձությունները, որոնց ստվերում ոմանք «գունավոր հեղափոխության» հիմքեր են փնտրում:
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի գործողությունները բավականին օպտիմալ են, քանի որ միահյուսում են բողոքավորների դեմ «նուրբ ուժի» գործադրումն ու երկխոսությունը: Միևնույն ժամանակ Ա.Փերենջիևը նկատեց, որ անգամ Հայաստանի արևմտամետ կազմակերպությունների մոտ չկա նման ցանկություն ՝ վերածել բողոքի ակցիաները էքստրեմիստական գործողությունների: Էլ ավելի անհավանական է մեր զրուցակցի համար թվում զարգացումների այն սցենարը, թե կգտնվեն ուժեր, որոնք այս ամենի արդյունքում Հայաստանը Ռուսաստանի դեմ կհանեն.
«Այո, նման կազմակերպություններ կան, բայց չեմ կարծում, թե նրանց ուժերը կհերիքեն պետական հեղաշրջում անելու համար: Գլխավորն այն է, որ Հայաստանի քաղաքական որևէ գործիչ չի ցանկանա իշխանության գալ ոչ ժողովրդավար ճանաօարհով, ինչպես դա եղավ Ուկրաինայում. Չէ որ այդ դեպքում նրա կառավարման հենց առաջին օրվանից իրեն հետևելու է ոչ լեգիտիմության ուրվականը»,- նշեց ռուս վերլուծաբանը:
Բացի այս, ընդդեմ Ռուսաստանի հանդես գալ կնշանակի ընդդեմ լինել հենց ինքդ քեզ, քանի որ, շարունակեց նա, ՌԴ պետական և մունիցիպալ իշխանություններում, հասարակական կազմակերպություններում քիչ չեն էթնիկ հայերը, որոնք սերտ կապեր ունեն ոչ միայն պատմական հայրենիքի, այլև Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերում է իրադարձությունների այնպիսի զարգացմանը, երբ Ռուսաստանը կկարողանա միջամտել, ապա Ա.Փերենջիևի խոսքով՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորականները որևէ դեպքում չեն խառնվի Հայաստանի ներքաղաքական զարգացումներին , քանի որ չունեն նման լիազորություններ ըստ Մոսկվայի և Երևանի միջև կնքված համաձայնագրի: Ավելին՝ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը հստակ հրահանգված է զերծ պահել ռուս զինվորականներին երկրի ներքաղաքական իրավիճակին խառնվելու և ազգաբնակչության հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելու առումով: