26/06/2015 18:18
Հայաստանի էլցանցերը պարտք են միջազգային մի շարք վարկային կազմակերպությունների
Չնայած Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման նկատմամբ հասարակական ընդգծված ուշադրությանը, այսուհանդերձ վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ իրադարձություն, որը զարմանալիորեն անտեսված մնաց: Խոսքն ուղղակիորեն վերաբերում է ոչ միայն ՀԷՑ-ի ֆինանսական վիճակին, այլ ՀԷՑ-ի ճակատագրին՝ առհասարակ:
Խնդիրն այն է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը հաջողացրել են ոչ միայն հսկայական ներքին պարտքեր կուտակել, այլև պարտք են նաև միջազգային մի շարք վարկային կազմակերպությունների: Թե կոնկրետ որքա՞ն է ՀԷՑ-ի արտաքին պարտքը, հստակ ասել հնարավոր չէ, քանի որ այս կառույցը պարբերաբար «մոռանում» է հանրությանը տեղեկացնել իր գործերի իրական վիճակի մասին: Օրինակ, միայն հանգամանքը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, որտեղ ՀԷՑ-ի վայ-տնտեսագետները մտահան էին արել հիմնավորումում ներառել ինչ-որ վարկի տոկոս հանդիսացող 8մլն դոլարի չափով գումար, արդեն իսկ ասվածի վառ օրինակն է: Սակայն վերադառնանք բուն թեմային:
Օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, համաձայն որի ՀԷՑ-ի և Լոնդոնում գտնվող «Ջորդանս թրասթ քոմփանի լիմիթեդ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր: Այս պայմանագրով «Ջորդանս թրաստ քոմփանի լիմիթեդ» ընկերությունը պաշտպանելու է ՀԷՑ-ին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունեցած վեճում: Ըստ նույն աղբյուրի, ՎԶԵԲ-ը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով, որ ՀԷՑ-ը վաղաժամկետ մարի 2009 թ. իր կողմից տրամադրված 45 մլն դոլարի վարկը:
Շարքային իրադարձությու՞ն: Ոչ մի կերպ:
Սա կարելի կլիներ շարքային (չնայած բավական ազդեցիկ թվին) ֆինանսական վեճ համարել միայն այն դեպքում, եթե վերջին տարիներին ՀԷՑ-ի ապաշնորհ և ախորժակից թույլ կառավարիչները ընկերությունը նետած չլինեին տնտեսական անդունդ: Ասենք, եթե չլիներ այս վերջին հանգամանքը, չէր լինի նաև դատական վեճ, քանի որ ՎԶԵԲ-ի պահանջի հիմքում ընկած է ՀԷՑ-ի հենց ֆինանսական անմխիթար վիճակը և անվճարունակ ճանաչվելու իրական վտանգը: Հետևաբար, առավել քան հնարավոր է, որ միջազգային արբիտրաժը ՎԶԵԲ-ի հայցը համարի հիմնավոր և ՀԷՑ-ին պարտավորեցնի վաղաժամկետ փակել վարկը: Չար կատակ կարող է խաղալ նաև այն հանգամանքը, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ն է և դա, զուտ քաղաքական նկատառումներով, ևս դառնա միավոր հօգուտ եվրոպական բանկի:
Այսուհանդերձ, ի՞նչ կլինի, եթե եվրոպացիների հայտը բավարարվի: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում 45մլն դոլարը ՀԷՑ-ի համար չբարձրացվող ծանրություն է և ընկերությունը ստիպված է լինելու սնանկ հայտարարվել, իսկ կառավարումով, զբաղվում է ՀՀ կառավարությունը՝ ապահովելով ծախսերի և եկամուտների բացարձակ թափանցիկություն: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ՀԷՑ-ի ազգայնացման տարբերակներից մեկը: Կա նաև մեկ այլ տարբերակ: Սնանկ ճանաչված ՀԷՑ-ը վաճառվում է մասնավոր ընկերության (ասենք՝ «Տաշիր գրուփ»-ին, որի անունը անընդհատ շրջանառվում է), անցկացվում է միջազգային աուդիտ, հայտնաբերվում և դատական կարգով վերադարձվում են տարիների ընթացքում փոշիացված գումարները, դրանք ներդրվում են համակարգի ԻՐԱԿԱՆ արդիականացման համար, իսկ երկու-երեք տարի հետո, երբ ՀԷՑ-ը սկսում է աշխատել նախկին եկամտաբերությամբ, իրականացվում է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում:
Հասկանալի է, որ առաջին հայացքից սա բավական ռադիկալ տեսակետ կարող է ընկալվել: Սակայն ստեղծված իրավիճակի ամբողջ «հմայքն» էլ հենց այն է, որ կոսմետիկ, կարճաժամկետ լուծումների հնարավորություն այլևս գոյություն չունի: Վտանգված է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և այն ապահովելու միակ տարբերակը կոորդինալ և ոչ ստանդարտ լուծումներ գտնելն է: Իսկ գների բարձրացումը վաղուց արդեն Հայաստանում ոչ միայն ստանդարտ, այլև շաբլոնային լուծումների շարքից է: