28/07/2015 18:11
Աշոտ Աղաբաբյանն ու դուստրը ֆինանսական լուրջ խնդիրներ չունեն
«Չեմ հասկանում, թե ինչու պետք է «21 TV» հեռուստաընկերությունը կամ իմ դուստրը լուրջ ֆինանսական խնդիրներ ունենան»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե իր դստեր հեռուստաընկերությունը լուրջ ֆինանասական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է նաև, թե «հեռուստաընկերությունը վերջին մի քանի օրերին անգամ ընդհատումներով է եթեր հեռարձակվել և ընկերությունը սկսել է ուշ-ուշ վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը:
Ա. Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց ընկերության տնօրինության այն պնդումները, թե հեռուստաընկերությունում այս պահին վերազինման աշխատանքներ են ընթանում և այդ է պատճառը, որ աշխատավարձերն ուշ են վճարվել: «Իմ կարծիքով՝ հեռուստաընկերությունը ֆինանսական կամ որևէ այլ խնդիր չունի: Ընդհակառակն՝ այսօր համատեղ աշխատանքներ են ընթանում հեռուստաընկերությունը վերազինելու ուղղությամբ և վստահեցնում եմ, որ հեռուստաընկերության գործերը շատ լավ են: Ես չգիտեմ, թե ով է նման անհիմն լուրեր տարածում, բայց դա ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե գուցե լուրեր տարածողները պայմանավորում են կազմակերպություններում հարկային ստուգումներով, Ա. Աղաբաբյանը նշեց, թե պետք չէ գույները խտացնել ու այլ ենթատեքստեր որոնել:
«Ես ոչ մի խնդիրներ էլ չունեմ ոչ մեկի հետ, այդ թվում՝ իշխանությունների: Պետք չէ ամեն ինչ այդքան բարդացնել: Չեմ հասկանում, թե ինչի պիտի խնդիրներ լինեն»,- եզրափակեց նա: