21/08/2015 16:10
Քաղաքագետ. Թուրքիան ավելի հաճույքով կգնա Հայաստանի հետ բանակցությունների, քան՝ քրդերի
Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը գտնվում է Իսլամական պետության գործողությունների շառավղում. սա շատ վտանգավոր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արման Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ Մերձավոր Արևելքում հաջորդ վտանգը սպառնում է Լիբանանին և Հորդանանին: «Մերձավոր Արևելքի բոլոր երկրներն էլ դատապարտված են, իսկ թե այդ իրավիճակում ինչ կլինի Հայաստանի հետ, դժվարանում եմ ասել: Համենայնդեպս և՛ ամերիկացիները, և՛ ռուսները, չնայած իրենց հակամարտություններին, կարծես թե, բարդացնելու և խճճելու միտում չունեն»,- ասաց նա:
Քաղաքագետն իրական չի համարում նաև ԻԼԻՊ-ի դեմ ստեղծված կոալիցիան: Նրա խոսքով՝ ԻԼԻՊ-ը ոչնչացնելու համար ստեղծված կոալիցիայի անդամները ներսում կռվում են միմյանց դեմ: Ա. Նավասարդյանը նկատեց, որ Իսլամական պետությունը ստեղծողներից մեկը Թուրքիան է: «Այն որ իսլամիստներն ուզում են առաջ գնալ ու կգնան, դա փաստ է: Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանի միասնությունը պետք է լինի իսլամական գործոնի դեմ»,- հավելեց նա:
Շարունակելով խոսքը՝ քաղաքագետը հստակեցրեց, որ քրդական ամբողջ խնդրի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, որին պետք է քրդական մի պետություն, որը լինի նախ իր դրածոն, ապա ուժեղ և հնազանդ. «Այդ պետությունը կարող է լինել Քրդստանը, որն իր տակ կճզմի Թուրքիային: Կա Սևրի պայմանագիր, որով ասվում է, որ Քրդստանն իրավունք ունի ստեղծել ավտոնոմիա՝ Հայաստանի սահմաններից դեպի հարավ ընկած տարածքներում, սա հետաքրքիր է, քանի որ զուգահեռներ է անցկացնում քրդերի և հայերի միջև: Եթե նման բան լինի և հարց դրվի Թուրքիայի հետ ավտոնոմիզացիայի, դա կվերջանա Թուրքիայի քայքայումով, Թուրքիան ավելի հաճույքով կգնա Հայաստանի հետ բանակցությունների, քան՝ քրդերի»: