21/08/2015 12:47
Վարդան Այվազյան. Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցում հասարակությունը երկփեղկված է
Պետք է հուսալ, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը վեր կկանգնի կուսակցական շահերից և կառաջնորդվի ազգային շահերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցում հասարակությունը երկփեղկված է:
«Մի մասը համոզված են, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն են, մյուսները կարծում են, որ դրանք ընդամենը գործող իշխանությունների վերարտադրության հարցն են լուծում: Որպեսզի փոփոխությունների հայեցակարգը լիներ կատարյալ, դրանում պետք է ներկայացված լինեին Սահմանադրության՝ որպես պետությանը և ժողովրդին ծառայելու ուժի վերաբերյալ փաստեր»,-ասաց նա, նշելով, որ պետք է հստակ կանոնակարգվեր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հարցում պետք է լիներ համակարգային մոտեցում:
«Կատարյալ է այն Սահմանադրությունը, որը ապահովում է մարդու և պետության ներդաշնակությունը: Գործող, ինչպես նաև 1995 թվականին ընդունված ՀՀ սահմանադրությունները ապահովել են օրենքի գործառույթների միայն տեխնիկական կողմը, այնինչ գաղափարախոսական կողմին ուշադրություն չի դարձվել»,- ասաց նա: