21/08/2015 10:21
Վրաստանում վթարի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է մահացել, ևս երկուսը հիվանդանոցում են
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ավտովթար, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 զոհ, 2 վիրավոր, ովքեր ՀՀ քաղաքացիներ են:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հարությունյանին:
Ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին՝
16-ամյա Հեղինե Բաղդասարյան,
40-ամյա Լիլիթ Ներսիսյան,
57-ամյա Մարգարիտա Ներսիսյան,
57-ամյա Արշավիր Հարությունյան:
Տուժել են՝
54-ամյա Ռուզաննա Հարությունյանն ու Մարգարիտա Մարգարյանը:
Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: