08/09/2015 15:26
Գագիկ Մինասյան. Սահմանադրության նոր նախագծով արգելվում են միասեռ ամուսնությունները
Սահմանադրական փոփոխությունների նոր նախագծով արգելվում են միասեռ ամուսնությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի են միասեռ ամուսնությունները թույլատրելու վերաբերյալ խոսակցությունները:
«Ինչպես կարելի է պնդել դա այն դեպքում, երբ որ նախագծում ճիշտ հակառակն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործող սահմանադրության մեջ ևս կա նման ձևակերպում, որը չարամիտ ձևով կիրառելու դեպքում իսկապես կարող է, օրինակ, միասեռ ամուսնությունների հնարավորություն տալ:
Գագիկ Մինասյանը բացատրեց՝ եթե գործող սահմանադրության մեջ նշված է, որ ամուսնության տարիքի հասած տղամարդն ու կինը ազատ կամքի դրսևորմամբ կարող են ամուսնանալ, ապա նոր նախագծում հստակ նշված է՝ կարող են ամուսնանալ միմյանց հետ: