30/09/2015 16:40
Եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբխազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը:
Այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան և անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը:
Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր բոլոր հաջողությունների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ռաուլ Ջումկովի, և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:
Խաղաղություն և բարգավաճում եղբայրական Աբխազիային»: