30/09/2015 02:12
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ունեցած ելութում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Իրանի միջուկային հիմնախնդրի հանգուցալուծմանն ու այդ համատեքստում խոսելով բարդ խնդիրների հաջող լուծման հնարավորությունների մասին՝ անդրադարձել Հայաստանի շրջափակմանը: Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. «Այս տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: Մեր անմիջական հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։
Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ։
Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը: Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում»: