10/10/2015 16:43
ՍԴ նախագահը՝ Լևոն Զուրաբյանին. Այդ հայտարարությունը բացարձակ մառազմատիկ է. News.am
Հայտարարությունները, թե հայկական կողմը կաշառել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին՝ դրական եզրակացություն ստանալու համար, մառազմատիկ երևույթ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Այդ հայտարարությունը ես համարում եմ բացարձակ մառազմատիկ երևույթ: Կարծում եմ, որ այս հարցերն իրավական հարթության վրա կքննարկվեն: Ամենամեծ կաշառքն այն է, որ մենք ներկայացրել ենք այդքան փայլուն նախագիծ, և դրա վերաբերյալ տրվել է այդպիսի կարծիք: Իսկ մնացածը ես հիվանդագին երևակայության արդյունք եմ համարում, և ամենայն հավանականությամբ, դրանք իրավական գործընթացներ կմտնեն և կպարզվի, թե ինչու համար են նման բաներ արվում»,- ասել է Գագիկ Հարությունյանը:
Հարցին՝ հնարավոր է հայց ներկայացնեն, ՍԴ նախագահը պատասխանել է. «Խոսքը հայցի մասին չէ, իրավապահ մարմինները պարտավոր են նման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Հայաստանի հասարակությունը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին (ինքը զբաղվել է այնտեղ լոբբինգով, և մենք փաստեր էլ ունենք)»,- ասել էր Զուրաբյանը: