20/10/2015 13:48
Ա.Պապյան. Հայաստանը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած, բայց չի գիտակցում դա
Հայաստանը կանգնած է լուրջ ռազմական խնդրի առաջ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և Սիրիայի տարածքում ռուսական օդային ուժերի կիրառումը: Ռուսաստանը մեր երկրում ունի ռազմաբազա, ինչը հնարավորություն է տալիս սիրիական հակամարտության շրջանակում այդ ռազմաբազան դարձնել թիրախ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» ընկերության ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Քաղաքագետը նշեց, որ այսօր դժվար է կանխատեսել, թե որքանով Հայաստանը կտուժի այդ ամենի արդյունքում, բայց վտանգը անշուշտ կա՝ ուրիշի շահերի պատճառով.
«Իսկ եթե հանկարծ մեր տարածքն օգտագործվի այլ գործողությունների համար, ապա էլ ավելի կտուժենք: Ռուսաստանը Արևմուտքին ընտրություն չի թողնում, հետևաբար Արևմուտքը ստիպված կլինի Ասադի ու իսլամիստների միջև ընտրել Ասադին։ Իսկ Հայաստանի համար ևս Ասադն ավելի ընդունելի է նախևառաջ այն պատճառով, որ աշխարհիկ ղեկավար է ու կրոնական քաղաքականություն չի իրականացնում, հայերի նկատմամբ էլ միշտ լավ վերաբերմունք է ունեցել»,- ասաց Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի օդային ուժերի կողմից հայկական օդային սահմանը խախտելու դեպքին, որի մասին այսօր գրել էր մամուլը, ապա քաղաքագետը դա պատահական չի համարում: Արա Պապյանի խոսքով՝ Թուրքիան դրանով ցույց է տալիս, որ կարող է ցանկացած պահի ներս մտնել և ուզածն անել Հայաստանում.
«Անգամ եթե դա պատահականություն էր Թուրքիան միևնույն է ցույց տվեց մեր պաշտպանության խոցելիությունը։ Ես կրկնում եմ ՝ մենք շատ լուրջ վտանգների առաջ ենք կանգնած, բայց դեռ դա չենք գիտակցում ու ըստ այդմ էլ համարժեք մոտեցումներ չունենք։ Չպետք է թույլ տանք մաղվել ռուս-թուրքական պատերազմի արանքում»,- հավելեց նա: