11/11/2015 10:09
Է. Շարմազանով. Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր պաշտոնական Մոսկվայից Բաքվին
ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, արված Երևանում, հստակ ուղերձ են պաշտոնական Մոսկվայից Բաքվին: Այս մասին Aysor.am-ի հետ զրւյցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-Պարոն Շարմազանով, երեկ Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, ըստ էության, քննադատեց ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովին` ԵԱՀԿ ՄԽ մանդատին միջամտելու համար և ընդգծեց, որ ՄԽ ֆորմատից դուրս ցանկացած գործողություն կարող է խանգարել խաղաղ կարգավորմանը: Ձեր կարծիքով` սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հակահայ զեկույցի քննարկման ժամանակ:
-Շատ գնահատելի է, որ մեր դաշնակից երկրի արտգործնախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի արտգործնախարարը ուղիղ, հստակ, առանց այլևայլությունների ներկայացնում է ՌԴ դիրքորոշումը և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այս խնդրով բացառապես իրավասու է զբաղվել և մանդատ ունի Մինսկի խումբը: Այսինքն, սա ուղիղ խոսք է, որը ոչ միայն ուղղված է Ստևասբուրգ` ԵԽԽՎ-ին, այլև ուղղված է հենց Ադրբեջանին, նաև Թուրքիային և այն ուժերին, որոնք շահագրգռված են, որպեսզի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կամ փոփոխություն կրի, կամ այս հարցը տանեն այլ խորհրդարանական վեհաժողովներում և մյուս ձևաչափերում քննարկելու: Սա հստակ խոսք էր, սա հստակ ուղերձ էր պաշտոնական Մոսկվայի կողմից, որով ասվեց, որ Մոսկվան չի ողջունում և ընդդիմանում է որևէ ձևաչափով ՄԽ ձևաչափի փոքր-ինչ փոփոխություն:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, ապա ես ուզում եմ հիշեցնեմ, որ այն պարոնը, որը այդ տխրահռչակ զեկույցի հեղինակն է, նույն բրիտանական մամուլի և եվրոպական մամուլի տեղեկություններով, մեղմ ասած, սուբյեկտիվ է և ունի հետաքրքրություն հենց Ադրբեջանում: Եվ, բնականաբար, մի մարդուց ակնկալել, որ ինքը կփոխի իր դիրքորոշումը ամբողջությամբ մշուշոտ եմ համարում:
Բայց այն, որ Լավրովի հայտարարությունը շատ ավելի լուրջ դեղին քարտի հնարավորություն կստեղծի ապագա նմանատիպ գործողությունների համար փաստ է և այս պարագայում խնդիրը ավելի լայն շրջանակին է վերաբերում, քան միայն ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն է:: Սերգեյ Լավորվի հայտարարությունը ոչ միայն խնդիր ուներ քննադատելու, այլ նաև կանխարգելելու ապագա նման գործողությունները:
-Ըստ էության` ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահողներից երկուսը հանդես եկան քննադատությամբ, ավելի վաղ նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր համանման հայտարարություն արել:
-Սա շատ կարևոր հանգամանք է և ևս մեկ անգամ փաստում է, որ Ղարաբաղի խնդրով տարբեր զեկույցները, փաստաթղթերը, նույն ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ տարբեր պետությունների հայտարարություններն ընդամենը թուղթ են և որևէ իրավական ձև չունեն, ու կարիք չկա ադրբեջանցիներին այդ թղթով այդքան թափահարել: Որովհետև այդ թուղթը` զեկույցը, ինքն իրենով օդ է:
-Հաշվի առնելով նման բարձր մակարդակով արված հայտարարությունները` դրանք կարո՞ղ են լուրջ խաղաքարտ հանդիսանալ հայկական դիվանագիտության համար:
-Հայկական դիվանագիտությունը լավ վիճակում է և վերջին տարիներին թե’ հայաստանյան, թե’ ղարաբաղյան դիվանագիտությունը հստակ դիրքորոշում ունի, որը համահունչ է բանակցային գործընթացի տրամաբանությանը և հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա: Մենք մշտապես ասել ենք, որ եթե կողմերից որևէ մեկը խնդիր է ստեղծում, ոչ կառուցողական իրեն դրսևորում, ապա դա ոչ Հայաստանն է և ոչ էլ Արցախը: Մեկ անգամ չէ, որ ասել ենք` մենք այս տարածաշրջանում խաղաղության ջատագովն ենք, և պատրաստ ենք ամեն ինչ անել բանակցությունների միջոցով, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ խաղաղություն:
Բայց դրա համար միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ջանքերը քիչ են, պետք է նաև հնարավորինս Ադրբեջանին վերադարձնել կառուցողական փուլ, առավել ևս, որ այնտեղ ընտրություններն արդեն ավարտվել են: Բայց Ադրբեջանը ոչ միայն փոխզիջումներից չի խոսում, այլ նաև պատեհ ու անպատեհ առիթներով հանդես է գալիս զգացմունքային հայտարարություններով, մինչդեռ որևէ զգացմունքային հայտարարությունը որևէ հակամարտության կարգավորման հարցում օգուտ չի բերել:
Դրա համար մեր գործընկերները առաջինը պետք է հավասարության նշանը վերացնեն և ոչ թե հայտարարեն, թե կողմերին կոչ են անում… կողմերին պետք չէ ասել, ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել է` եկեք դիպուկահարներին հանենք: Թող մեկ անգամ հայտարարեն, որ Հայաստանի Հանրապետությունը դիպուկահարներին հանելու կոչ է անում, իսկ Ադրբեջանը չի ենթարկվում և, ըստ այդմ, պատժամիջոցներ կիրառեն կամ ճնշման այլ մեխանիզմներ ներդնեն: Խնդիրը սրա մեջ է, քանզի թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը այս տարածաշրջանը պատկերացնում են խաղաղ, կայուն ու անվտանգ և սա փաստ է, բայց պետք է ոչ թե հետևանքից սկսել, այլ պատճառը վերացնել: Իսկ պատճառը Ադրբեջան ոչ կառուցողական մոտեցումն է: