21/11/2015 13:13
ԲՀԿ-ն պայքարելու է հանրաքվեի ազատ անցկացման համար
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Էրեբունի համայնքի բնակիչներին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։ Համայնքի բնակիչներին ներկայացվեցին առաջարկվող նախագծի հիմնադրույթները, որոնք հնարավորություն կտան հաղթահարելու իշխանության գերկենտրոնացումը, ընդդիմությանը կտան սահմանադրորեն հստակ երաշխավորված մեխանիզմներ՝ ազդելու քաղաքական որոշումների վրա, մարդու իրավունքների պաշտպանությունը կլինի շատ ավելի կոնկրետ և հասցեական։
ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Էրեբունի համայնքի բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել ԲՀԿ ղեկավար կազմին՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, ԼՂ հիմնահարցի հետ կապված, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենց համար անչափ կարևոր է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցնի արդար և ազատ, որպեսզի երկրի հիմնական օրենքի լեգիտիմությունը կասկածի տակ չլինի։