24/11/2015 19:31
Ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին. ՈՉ-ի շտաբ
Վերջին օրերին «ՈՉ»-ի համատեղ շտաբը և «Ժառանգություն» կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված, այլև այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք:
Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական «ՈՉ» է ասում Սերժ Սարգսյանի «սահմանադրական» աճպարարությանը, ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին: Ահազանգերը վկայում են, որ ճնշումների գործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ և մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ:
Այս կապակցությամբ հայտարարում ենք.
1. «ՈՉ»-ի համատեղ շտաբը և «Ժառանգություն» կուսակցությունը ամենժամյա ռեժիմով հետևում են իրադարձություններին, հավաքագրում և տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը: ՈՒստի, նմանատիպ և ընտրակեղծարարության այլ դրսևորումները արձանագրվում են և համակարգված ձևով ներկայացվելու են մեր հանրությանը, միջազգային կառույցներին և դիտորդական առաքելություններին:
2. Մեր կողմից նշանակված հանձնաժողովների անդամները խորապես գիտակցում են ամբողջ ժողովրդի առջև իրենց պատասխանատվությունը և հայտարարում են, որ իշխանության կողմից գործադրվող ճնշումները որևէ արդյունք չեն տալու և կանեն ամեն ինչ ժողովրդի հաղթանակը դեկտեմբերի 6-ին արձանագրելու համար:
3. Կոչ ենք անում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին` անկախ կուսակցական պատկանելիությունից, պատասխանատվության նույն գիտակցությամբ կատարել իրենց քաղաքացիական պարտքը և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովների անդամների հետ միասին դառնալ համաժողովրդական կամարտահայտության արդյունքների արձանագրման երաշխավորը:
4. Հիշեցնում ենք իշխանություններին և նրանց ապօրինի հանձնակատարներին, որ ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումները քրեորեն հետապնդելի արարք են և Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի դրույթներով պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:
«ՈՉ»-ի համատեղ շտաբը և «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում են իշխանություններից դադարեցնել մարդկանց հանցագործության դրդելու և ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումների և հանձնաժողովի անդամների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ջանքերը, ինչպես նաև հայտնում այդ հնցագործությունների դեմ միասնաբար հակազդելու վճռականության մասին: