24/11/2015 19:39
Ավարտվել է «Սդղի գյոլ» տարածքում Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենից՝ պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:
Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յու.Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս. Է. և Մ.Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։
Մասնավորապես, Շ.Դավթյանը, Դ. Հակոբյանը և Մ. Խաչատրյանը նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։ Սեյրան և Էյներ Խաչատրյանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, քննության տվյալներով, նշված ծեծկռտուքի ժամանակ Յ.Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ.Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: