24/11/2015 19:09
Թող երբեք հայ և սերբ զինվորները հարկադրված չլինեն իրենց ձեռքը զենք առնելու Հայրենիքի պաշտպանության համար. Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատուիրակությանը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:
Ինչպես հայտնում էն Մայր Աթոռի մամլո դիվանից՝ զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը, հույս է հայտնել, որ այն պտղաբեր կլինի և կնպաստի զինվորականների հմտությունների առավել զարգացմանը: Նորին Սրբությունը մաղթել է, որ երբեք հայ և սերբ զինվորները հարկադրված չլինեն իրենց ձեռքը զենք առնելու Հայրենիքի պաշտպանության համար, այլ լինեն իրենց ժողովուրդների խաղաղ, անվտանգ ու բարօր կյանքի երաշխավորը:
Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել նաև պատմության ընթացքում հայ և սերբ ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին` նշելով, որ առաջնորդությամբ Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների դրանք հաղթահարվել են արիությամբ, ամուր հավատքով և հայրենիքի հանդեպ սիրով:
Նախարար Բրատիսլավ Գաշիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու ժողովուրդների պատմական անցյալի և երկու երկրների ներկայիս գործակցության մասին` պրն. Գաշիչն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններն այժմ բարեկամական լինելուց ավելին են: Իր խոսքում նախարարը անդրադարձ է կատարել Սերբիայի հայ համայնքի կյանքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Սերբիայի Պաշտպանության նախարարը խոսել են նաև երկու երկրների բանակներում գործող հոգևոր սպասավորների ծառայության, ինչպես նաև Հայաստանյաց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Սերբ Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցություն և Հայ Եկեղեցուն ու ժողովրդին զորակցություն են բերել:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: