24/11/2015 19:57
Գ. Եղիազարյան. Անհնազանդության ալիք դեկտեմբերի 1-ին չի լինի. չեմ հավատում
Ես ակնկալիքներ չունեմ դեկտեմբերի 1-ի հանրահավաքից և չեմ կարծում, թե հնարավոր կլինի այդ օրը անհնազանդության ալիքի մեկնարկի հասնել: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հորդորներին այդ օրը լինել միասնական ու անհնազանդության ալիք բարձրացնել:
«Չեմ հավատում, բայց որ Երևանում լինեմ, անպայման կմասնակցեմ»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ընդդիմադիրները պետք է մասնակցեն «Այո»- «Ոչ» ռեալիթի շոուին, լսեն մարդկանց, որովհետև մարդիկ ուզում են իրենց խնդիրները բարձրաձայնել, բայց լսող չկա:
«Ոչ ոք էլ չի կարդացել փոփոխությունները, բայց մարդիկ հարցեր ունեն: Նրանց լսել է պետք»,- ասաց Գ.Եղիազարյանը, ով երեք օր առաջ է վերադարձել մարզից, որտեղ մասնակցում էր «Այո»-«Ոչ» ռեալիթի շոուին:
Ի դեպ, ինչ վերաբերում է իր մասնակցությամբ միջադեպին, նա հավաստիացրեց, որ ոչ թե նեղացել է ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանից ու վերջինիս պատճառով է լքել շոուն, այլ ուղղակի գործեր ուներ Երևանում, դրա պատճառով էլ վերադարձել է:
«Եթե գործերս շուտ ավարտեմ, կվերադառնամ ու էլի կմասնակցեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, Գ.Եղիազարյանը Սպիտակ քաղաքում բանավեճի էր բռնվել Մարգարիտ Եսայանի հետ և անգամ միմյանց հասցեին վիրավորանքներ էին հնչել: Մասնավորապես, Գուրգեն Եղիազարյանը Մարգարիտ Եսայանին անվանել էր «դեմագոգիայի մայր», իսկ պատգամավորը գործչին մեղադրել՝ փաստարկներ չունենալու և դերասանություն անելու մեջ: