25/11/2015 13:27
Թուրքագետ. Ռուսական Սու-24-ը կործանելով՝ Թուրքիան փորձում է ատամներ ցույց տալ
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումը բավականին վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանն՝ ավելացնելով.
«Սրանով այդ պետությունը փորձում է ավելի վճռական երևալ, ատամներ ցույց տալ»:
Լևոն Հովսեփյանը չբացառեց, որ ինքնաթիռը կործանելու որոշումը կարող էր կայացվել անձամբ Էրդողանի հավակնությունների շրջանակներում:
«Պետք է հասկանալ որոշումների այն մեխանիզմը, որն այսօր կա Թուրքիայում: Պետք է հաշվի առնել թե՛ Էրդողանի կերպարը և թե՛ նաև ընդհանրապես Թուրքիայի ղեկավարների՝ ժամանակի հետ ավելի ագրեսիվ, ավելի անկախատեսելի դարձող կերպարները»,- ասաց Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետը թվարկեց նաև ինքնաթիռը կործանելու մի քանի այլ գործոններ, օրինակ՝ թուրքմենական գործոնը կամ թուրք-սիրիական սահմանի մոտ անվտանգության գոտի ստեղծելը:
«Մյուս կողմից ռուսական ինքնաթիռի կործանման միջադեպի մեղավորներից մեկն էլ հենց Ռուսաստանն է, քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններում, Թուրքիայի հետ սիրախաղի ժամանակ Ռուսաստանը զուտ տնտեսական շահն էր վեր դասում՝ ստորադասելով ռազմաքաղաքականը»,- ամփոփեց թուրքագետը: