27/11/2015 14:03
ԱԱԾ. Նորքում վնասազերծված հանցավր խմբին կարելի է համեմատել Նաիրի Հունանյանի հետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն օրերս Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խումբը համեմատեց Նաիրի Հունանյանի խմբի հետ:
«Եվ եթե այն դեպքում գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար, եթե այս խմբին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը: Այսինքն՝ գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկ նյութերը, նռնակները»,- հարց բարձրացրեց Միքայել Համբարձումյանը:
Նա նշեց, որ Նորք Մարաշի խումբն ունեցել է տասնյակ հազարավոր դոլարի ֆինանսավորում և ԱԱԾ-ն այժմ փորձում է պարզել ֆինանսավորման աղբյուրները:
Անդրադառնալով զենքի գնման գործընթացին՝ Միքայել Համբարձումյանը նշեց՝ իրենք ունեն փաստեր, որ խումբի չի բավարարվել զենքի այս քանակով ու պատրաստվել է ձեռք բերել նոր զինամթերք:
«Ընդ որում նրանք պատրաստ են եղել դրա համար բավական խոշոր գումարներ վճարել»,- ասաց ԱԱԾ վարչության պետը:
Բանախոսն անդրադարձավ նաև խմբի ղեկավար, բերման ենթարկված Արթուր Վարդանյանի անձին.
«Մենք տեղյակ ենք, որ նա ՀՀ–ից մեկնել է և բնակչություն է հաստատել Իսպանիայում, այնուհետև վերադարձել է Հայաստան: Տեղեկություն կա նաև, որ Արթուր Վարդանյանը եղել է Քեսաբում»:
Ինչ վերաբերում է հանրությանը վրջին օրերին հուզող հարցին՝ տանտիրոջը տրվող փոխհատուցմանը, Միքայել Համբարձումյանը հավաստիացրեց որ համապատասխան ընթացակարգով փոխհատուղում կլինի, քանի որ հատուկ գործողության ժամանակ տունն իսկապես վնասներ է կրել:
«Մենք ունենք հստակ տվյալներ, արդեն իսկ ունենք գրավոր ցուցմունքներ, որոնք վկայում են այն մասին,թե ինչ գործողություններ են ծրագրված եղել, որոնք պետք է իրականացվեին Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Երևանում»,-ասաց նա:
Միքայել Համբարձումյանը համամիտ չէ, որ հանրությունն անվստահություն ունի ԱԱԾ-ի նկատմամբ, այլ ճիշտ հակառակը՝ իր շփումների արդյունքում գտնում է, որ այդ քաղաքացիները ԱԱԾ-ի նկատմամբ առանձնակի վստահություն ունեն: