28/11/2015 13:52
Հյուսիսային պողոտայում գինու բուրմունք է. առաջին անգամ անցկացվում է գինու համտես-տոնավաճառը
Հյուսիսային պողոտայի տարածքում այսօր մեկնարկել է առաջին անգամ անցկացվող գինու համտես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
Ինչպես տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարությունից, իր խոսքում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշել է, որ միջոցառումը միտված է հայրենի արտադրողին խրախուսելուն և նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ և 2016 թվականին նույնպես կկազմակերպվեն:
Անդրադառնալով գինու համտես-տոնավաճառի կազմակերպմանը՝ փոխնախարարը նշել է, որ այս տարի հանրապետությունում արտադրվել է շուրջ 4 մլն լիտր գինի, և այս միջոցառումը շատ կարևոր նախաձեռնություն է գինու իրացման և օգտագործման մշակույթի տարածման առումով։
«Սա առաջին գինու համտես-տոնավաճառն է Երևանում, որով փորձում ենք նախատոնական օրերի շեմին մեր բնակիչներին հնարավորություն տալ համտեսելու լավ գինի, նաև գնումներ կատարելու։ Երկու գերատեսչությունների նպատակն է՝ աջակցել գյուղացիներին, որ իրենց արտադրանքը բերեն հասցնեն վերջնական արդյունքին՝ իրացմանը, այդպիսով կզարգացնեն և կբարելավեն իրենց գործունեությունը։ Այս առումով մենք պատրաստակամ ենք արձագանքել Գյուղատնտեսության նախարարության բոլոր նախաձեռնություններին», - իր հերթին նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Միջոցառմանը մասնակցում են գինեգործական մոտ 23 ընկերություններ և անհատ գինեգործներ Վայոց ձորի մարզից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր արտադրանքի ողջ տեսականին: Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:
Տոնավաճառը կգործի նոյեմբերի 28-29-ը՝ ժամը 11:00-ից մինչև 21։00-ն: