09/12/2015 18:42
Սահակյանը՝ Փոստանջյանին. Կարևորը, որ տգեղ արտահայտությունները ձեր դիմացից են ասում
«Պարոն Գալուստ Սահակյան, ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ԱԺ նախագահին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, երբ Գ.Սահակյանը անջատեց նրա խոսափողը: Խնդիրը նրանում է, որ հարց հնչեցնելու փոխարեն Զ.Փոստանջյանը խոսափողին էր մոտեցրել նոթբուքը, որուկ միացված էր ինչ-որ երաժշտություն ու կոչեր էին լսվում, բայց ոչ պարզ: Պատգամավորը ինքն էլ չէր սպասում, թերևս, որ իր նախաձեռնությունը արդյունավետ չի լինի, իսկ երբ ԱԺ դահլիճում աղմուկ բարձրացավ, ու ԱԺ նախագահն էլ ՀՀԿ-ական իր անզուսպ գործընկերներին հորդորեց սպասել «հեսա կանցնի», հրաժարվեց շարունակել:
«Պարոն Գալուստ Սահակյան, զուսպ եղեք, որովհետև այդպիսի դրսևորումները ձեզ չեն գեղեցկանում: Ասեմ՝ ձեր հետևից շատ տգեղ բաներ են արտահայտվում, բայց ես չեմ ցանկանում այդ տգեղ արտահայտությունները լսել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն էլ հանգիստ արձագանքեց.
«Կարևորը՝ ձեր դիմացից են ասում… շարունակեք»,- հրավիրեց նա պատգամավորին:
Այնուհետ Զ.Փոստանջյանը ասաց, որ հոլովակը շուտով կլինի համացանցում և հորդորեց բոլորին դրան ծանոթանալ, քանի որ այն նվիրված է դեկտեմբերի 11-ին կայանալիք հավաքին և անհնազանդության երկրորդ ալիքին՝ գործադուլին.
«Ես համոզված եմ և հավատում եմ, որ ռեժիմից հնարավոր է ազատվել»,- ընդգծեց Զ.Փոստանջյանը:
ԱԺ նախագահը, սակայն, ընդհատեց նրա ելույթը և հայտարարեց.
«Համարենք մշակութային միջոցառում և շարունակենք ընթացքը»: