26/01/2016 13:25
ԵԽԽՎ-ում մեկնարկել է հակահայ զեկույցների քննարկումը. Զեկուցողները քննադատում են ԵԱՀԿ ՄԽ-ին
ԵԽԽՎ-ում մեկնարկել է հակահայ զեկույցների քննարկումը: Բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ներկայացնող պատվիրակը նախ նշեց, որ զեկույցը բուռն քննադատության է արժանացել հայկական պատվիրակության կողմից, փորձեր են արվել խոչընդոտել դրա ներառումը օրակարգ: Բանախոսը նաև նշեց, որ զեկույցում Ուոլթերը բացատրում է, թե իբր ինքը ցանկություն է հայտնել զեկույցը պատրաստելու ժամանակ այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, բայց իրենից չկախված հանգամանքներից դրանում չի հաջողել:
Երկրորդ հակահայ զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչն էլ, ներկայացնելով իր աշխատությունը, բացատրեց, որ Սարսանգի ջրամբարին նվիրված զեկույցը քաղաքական չէ ու չի անդրադառնում հակամարտությանը, այլ սոցիալական է: Միևնույն ժամանակ նա չմոռացավ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին.
«Ես, իհարկե, հարգում եմ Մինսկի խումբը և դրա գործունեությունը, բայց անցած քսան տարիների ընթացքում նրանց չի հաջողվել լուծում գտնել: ԵԽԽՎ-ն չպետք է աչքը փակի այս խնդրի վրա, քանի որ խոսքը տեղի բնակչության ջրաապահովման խնդրի մասին է»,- հայտարարեց Բոսնիա և Հերցեգովինայի պատվիրակը: