03/02/2016 11:20
Մարզպետ Սարգիս Սահակյանը նախագահի որոշումները չի քննարկում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիոն համագործակցության արդյունքում ՀՅԴ-ին կտրվի երկու մարզ՝ Արագածոտն ու Շիրակը: Ընդ որում, համառ լուրեր են պտտվում, թե այս հարցն արդեն լուծվել է և վաղը ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին կհայտարարվի, ինչպես և ակնարկել էր անցած շաբաթ ՀՀԿ խոսնակը:
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը նոր պաշտոն կստանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, նա կստանձնի փոխնախարարի պաշտոնը: Սակայն Ս.Սահակյանն այս լուրերի մասին, իր խոսքով, առաջին անգամ մեզանից լսեց ու հավաստիացրեց, որ նման քննարկում չի եղել ու չկա:
Ինչ վերաբերում է իր՝ պաշտոնից հեռանալու մասին լուրերին, ապա մարզպետը հիշեցրեց, որ ինքը կուսակցական գործիչ է, իսկ դա նշանակում է ենթարկվել կուսակցության ղեկավարի որոշումներին:
«Երկրի նախագահն է որոշողը: Ինչպես նա կորոշի, այնպես էլ այդ որոշումը կընդունենք»,- ասաց նա՝ կրկնելով, որ մինչ այս պահը նման խոսակցություն ու որոշում չի եղել: